Իսրայելում ընդդիմությունը կոչ է արել սեպտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել 04.04.2024 . Միջազգային
Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը չորեքշաբթի կոչ է արել խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերին՝ գրում է The Jerusalem Post-ը։
«Գանցն ասել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այդ թեման քննարկել է քաղաքական առաջնորդների հետ, տեղեկությունը փոխանցել է վարչապետին և խոստացել, որ կշարունակի երկխոսությունն այդ թեմայով»,- գրում է թերթը։
Նախարարի խոսքով՝ ընտրությունը կօգնի շարունակել պայքարը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ միաժամանակ վերականգնելով քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ։
Գանցը հավելել է, որ պատրաստ է լքել Գազայի հատվածում գործողության ժամանակ ստեղծված կաբինետը, քանի որ մտադիր չէ «մնալ մի կառավարությունում, որը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկում պաղեստինցիների կողմից առևանգված իսրայելցիներին վերադարձնելու համար»։
Նախորդ գիշեր Թել Ավիվում և Երուսաղեմում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել, բախումներ են եղել ոստիկանության հետ։ Ցուցարարները պահանջում են վերադարձնել ՀԱՄԱՍ-ի պատանդներին։
Խոսելով պաղեստինյան խմբավորման դեմ պայքարի մասին՝ Գանցը ենթադրել է, որ «այս ճակատամարտը երկար տարիներ կտևի»։ The Jerusalem Post-ն իր հերթին նշում է, որ հայտարարությունն ուղղակիորեն հակասում է «Երկաթե սուր» գործողության նպատակին, որն իսրայելական բանակը սկսել է Գազայում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իսրայելի կառավարությունը՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, հայտարարել է ՀԱՄԱՍ-ը վերացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծում է թերթը։