Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը. Միլլեր 02.04.2024 . Միջազգային
«Ադրբեջանական կողմը փորձում է առաջ քաշել վարկած, թե, իբր, հայկական կողմը իրավիճակի սրման փորձեր է անում, ինչը, սակայն, ԵՄ առաքելությունը չի հաստատել: Որքանով եք տեղեկացված` ի՞նչ է տեղի ունենում, արդյոք մտահո՞գ եք իրավիճակի հնարավոր սրմամբ, և ինչպիսին կլինի արձագանքը այդ դեպքում». այս հարցին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է.
«Հանգստյան օրերին մենք տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը հանգիստ է, ռազմական տեխնիկայի անսովոր որևէ տեղաշարժ չկա: Չնայած այդ հայտարարություններին` մենք զգուշացրել ենք և շարունակելու ենք զգուշացնել սահմանի երկայնքով մարտական գործողությունների կամ իրավիճակի սրման հռետորաբանության կապակցությամբ: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Եվ, ինչպես դուք բազմիցս լսել եք, ինչպես եմ ես ասում այս հարթակից, կայուն խաղաղության ապահովման միակ միջոցը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է»:
Միլլերը կրկին ընդգծել է, որ պետքարտուղարի հետ հայկական կողմի հանդիպման նպատակը Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումների քննարկումն է և կայունության ապահովումը. այդ հանդիպմանը խաղաղության գործընթացի զարգացման խնդիր դրված չէ:
«Այս իրադարձությունը հանդիպում է ԱՄՆ, ԵՄ հետ` նպատակ ունենալով քննարկել տնտեսական հավասարակշռումը, հումանիտար օգնությունը, փախստականներին աջակցությունը և Հայաստանին աջակցության ցուցաբերումը: Խաղաղության գործընթացը այս հանդիպման ուշադրության կենտրոնում չէ. Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը և Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ։»,- ասել է նա: