Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից. Գաբրիել Ատալ
		21.03.2024 . Տարածաշրջան


Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը ներկա է եղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ավանդական ընթրիքին:

Ատալն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից: «Ֆրանսիայի խնդիրն է աջակցել Հայաստանին՝ պաշտպանելու իր անկախությունը, ժողովրդավարությունը, տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ միայն չդատապարտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը, այլև փաստացի նույնիսկ դա թույլ տվեց:

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին խաղաղության ձգտման և սեփական ինքնիշխանությունը հարգելու համար: Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, և պարզապես այն պատճառով, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության և իրավական պետության ուղին»,- իր ելույթում ասել է Ատալը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ատալի հայտարարություններին՝ դրանք որակել «անհեթեթ և անհիմն»:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին