ՀՀ դեսպանը մասնակցել է Սադախլո անցակետում կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման արարողությանը
Դեկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց-հայկական Սադախլո անցակետում մասնակցել է ԵՄ աջակցությամբ կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման հանդիսավոր արարողությանը։
Նոր ենթակառուցվածքային նախագիծը թվով 5-րդն է Վրաստանում և 1-ինը՝ վրաց-հայկական սահմանին։ Այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, հագեցված է նորագույն տեխնիկական միջոցներով, ապահովված է անասնաբուժական, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության եվրոպական ստանդարտներով։
Նոր կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, ում խոսքով՝ այս կենտրոնը առավել կխորացնի երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները։
«Նոր կենտրոնը մեզ թույլ կտա հետագայում ևս խթանել օրինական առևտուրը և միևնույն ժամանակ մեր քաղաքացիներին տրամադրել էկոլոգիապես մաքուր սնունդ և այլ ապրանքներ: Միևնույն ժամանակ, կարևոր է շարունակել ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունն ու օժանդակությունը», – ասել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։