Այսօր աշխարհում ամենահին հայկական տարածքներում դարձյալ էթնիկ զտում է իրականացվում. Ռոբերտ Քենեդի

Այսօր աշխարհում ամենահին հայկական տարածքներում դարձյալ էթնիկ զտում է իրականացվում. Ռոբերտ Քենեդի

ԱՄՆ նախագահի անկուսակցական թեկնածու Ռոբերտ Քենեդին հանդես է եկել տեսաուղերձով, որում խոստացել է օգտագործել ամերիկյան լծակները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին վերադարձնելու և ինքնորոշմանը նպաստելու համար:
«Ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց ժամանակակից դարաշրջանի առաջին ցեղասպանությունը, սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Այդ էթնիկ զտումը վերացրել հայերին Անատոլիայում: Այսօր աշխարհում ամենահին հայկական տարածքներում դարձյալ էթնիկ զտում է իրականացվում:  Այս անգամ Արցախում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ:
Մինչ աշխարհը զայրացած ու վրդովված կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա, մենք ոչինչ չենք լսում աշխարհի այս հնագույն հայկական շրջանից մի ամբողջ բնակչության զանգվածային վտարման մասին:
Խորհրդային ժամանակաշրջանում Կրեմլը քրիստոնեական այս տարածքը բռնի կերպով ներառեց մուսուլմանական Ադրբեջանի կազմում: Հայաստանը և արցախցիներն ուղղափառ քրիստոնյաներ են հազարավոր տարիներ: 2020 թվականից սկսած Ադրբեջանը անխղճորեն իրականացրեց էթնիկ զտման քաղաքականություն այս խաղաղասեր մարդկանց նկատմամբ: Բաքուն համակարգված ռմբակոծում էր բնակավայրերը, իսկ սեպտեմբերին սկսեց չհիմնավորված ներխուժումը տարածաշրջան և այնտեղից վտարեց 120 հազար էթնիկ հայերի:
Այս էթնիկ զտման դատարկ դատապարտումները բավական չեն: Ի տարբերություն 1915 թվականի, այս մեկը հնարավոր է կասեցնել: Սա այն իրավիճակն է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող են գործել: ԱՄՆ-ը դարձյալ լծակներ ունի այդ տարածաշրջանում, և ևս մեկ պատերազմ կանխելու ու ազատության և ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ ապահովելու հայերի վերադարձն Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը: Մենք պետք է նաև փնտրենք ուղիներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումները վերացնելու համար:
Որպես ԱՄՆ նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանում և տարածաշրջանում վերականգնելու խաղաղությունն ու արդարադատությունը: Ես պարտավորվում եմ վերականգնել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն ու խաղաղությունը»,- ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։