ԱՄՆ-ն և ԵՄ-ը խստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու պատիժները

ԱՄՆ-ն և ԵՄ-ը խստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու պատիժները



Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Նահանգները տարբեր երկրների ավելի քան 250 ընկերության և անհատի է ներառել սև ցուցակում: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության դեկտեմբերի 12-ի հաղորդագրության մեջ:
«Խոսքն այն մասին է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հանցագործությունների համար պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն Ռուսաստանը, այլև այն պետությունները, որոնք ֆինանսավորում և աջակցում են ռուսական ռազմական մեքենային»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ցուցակում են հայտնվել ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Տաջիկստանից։ Նրանց մեղադրում են Ռուսաստանին օգնելու համար՝ շրջանցելու ԱՄՆ-ի պատժամիջոցները։
Եվրամիությունն էլ նախատեսում է ավելի խիստ պատժել Բրյուսելի սահմանած պատժամիջոցները շրջանցողներին: Եվրախորհրդարանի և ԵՄ պետությունների բանակցողները դեկտեմբերի 12-ին նախնական քաղաքական համաձայնության են եկել պատժամիջոցներից խուսափելու որոշ գործողություններ քրեականացնելու վերաբերյալ:
Մասնավորապես, քրեական հանցագործություն կհամարվեն պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների վաճառքը համապատասխան երկրին կամ սև ցուցակում ընդգրկված անձանց օգնությունը ԵՄ տարածք մուտք գործելիս, հայտնել Է Եվրահանձնաժողովը: Որոշակի հանգամանքներում ընկերությունները նույնպես պատասխանատվություն են կրելու պատժամիջոցների շրջանցմանը մասնակցելու համար։

Ներկայումս ԵՄ-ն նախապատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական՝ 12-րդ փաթեթը: