Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 254-ի

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 254-ի

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը դեկտեմբերի 1-ին հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որը պարունակում է 254 մարդու անուն: Վերջին երկու ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվն ավելացել է ևս 17-ով։
Ցուցակը համալրել են ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչ, այդ թվում՝ Abzas Media ինտերնետային հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին, նրա տեղակալ Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն, խմբագրության աշխատակից Նարգիզ Աբսալամովան, ինչպես նաև «Կանալ-13» ինտերնետային հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջևը:
Քաղբանտարկյալների ցուցակում է հայտնվել նաև «Ադրբեջանի արժանի զավակների միասնություն» կուսակցության նախագահ Ռզա Սաֆարսոյը, որը ձերբակալվել է ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Սակայն, ըստ իրավապաշտպանների, նրան հետապնդում են սոցցանցերում իշխանություններին քննադատելու համար։
Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլնուր Հասանովն էլ ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով՝ ճանապարհային ոստիկանության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո։ Նման մեղադրանքով ձերբակալվել է նաև կրոնական 12 ակտիվիստ (բոլորը՝ շիաներ):
Քաղբանտարկյալները պայմանականորեն բաժանված են 8 խմբի, փոփոխություններ են տեղի ունեցել «Լրագրողներ և բլոգերներ» խմբում, որտեղ 6 հոգին 11-ն է դարձել, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»-ում՝ 11-ի փոխարեն 13-ը, «Հավատացյալներ»-ում՝ 182-ի փոխարեն 183-ը:
Մյուս խմբերում՝  «Իրավապաշտպաններ»՝ 2 հոգի,  «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ»՝ 5 հոգի, «Թարթառի գործով դատապարտվածներ»՝ 7 հոգի, «Գյանջայի գործով դատապարտվածներ»՝ 22 մարդ, «Ցմահ դատապարտվածներ»՝ 11 հոգի, փոփոխություններ չկան:
Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։