Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարական աշխատանքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ և ծանոթացել շինարարական աշխատանքներին։

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։

Ըստ քաղաքապետի՝ «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, իսկ առհասարակ բարեգործության համար ծախսել է շուրջ 3 միլիարդ լարի (1.08 միլիարդ դոլար)։

Հայկական թատրոնի շենքի հետ կապված նախ որոշվել էր վերանորոգում իրականացնել, սակայն շինարարական աշխատանքների մեկարկից հետո պարզվել էր, որ վերանորոգումն անհնար է՝ շենքի ծայրահեղ վատ վիճակում լինելու պատճառով։ Դրանից հետո որոշվել էր հին շենքը քանդել և նորը կառուցել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Հայկական թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի 2020 թ․ դեկտեմբերին, կունենա 6403 ք/մ տարածք, և 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Նախագծի արժեքը կազմում է 18 միլիոն լարի։