«Ջավախքի Բարեկամներ» թելեթոն դրամահավաքի նպատակներից մեկն էլ Հայ-Վրացական բարեկամության հարթակի ստեղծումն է․ Գարեգին Նալբանդյան

«Ջավախքի Բարեկամներ» թելեթոն դրամահավաքի նպատակներից մեկն էլ Հայ-Վրացական բարեկամության հարթակի ստեղծումն է․ Գարեգին Նալբանդյան
ԱՄՆ-ի «Սփյուռքի Միասնության Հարթակ» հասարակական նախաձեռնությունը այս տարվա հունիսի 2-ին թելեթոն դրամահավաք է նախաձեռնել Ջավախքի օգնության համար։ Հավաքված գումարով նախատեսվում է Ախալցխայում ստեղծել Մարզամշակութային կենտրոն։ Այս թեմայի շուրջ Akhaltskha.net–ը զրուցեց դրամահավաքի կազմակերպիչներից Գարեգին Նալբանդյանի հետ։

 Պարոն Նալբանդյան տեղյակ ենք, որ դուք Ձեր թիմի հետ միասին հունիսի 2-ին կազմակերպում եք թելեթոն դրամահավաք Ջավախքի համար։ Սակայն մի տեսակ տեղեկատվությունը քիչ է այս մասին: Խնդրում ենք մի փոքր ավելի մանրամասն պատմեք Ձեր թիմի եւ նախաձեռնության մասին:

– «Ջավախքի Բարեկամներ» թելեթոն (Հեռուստամարաթոն) դրամահավաքի նպատակը Հայ-Վրացական բարեկամության հարթակի ստեղծումն է Հայաստանի և Վրաստանի միջև կամուրջ հանդիսացող Ջավախքում: Հեռուստամարաթոնի գաղափարը առաջացավ, երբ Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի վարչական կենտրոն Ախալցխա քաղաքից մարզամշակութային կենտրոն հիմնելու առաջարկով ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբին դիմեց մեր վստահելի գործընկեր, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն և Akhaltskha.net-ի գլխավոր խմբագիր, Ջավախքում, Վրաստանում, Հայաստանում, և Սփյուռքում շատ հայտնի եւ բոլորիս կողմից շատ սիրված Էդուարդ Այվազյանը: Ջավախքին օգնելու գաղափարը մեծ խանդավառությամբ ընդունվեց Գեոպոլիտիկ Ակումբի անդամների կողմից, մեր անդամներից Էդուարդ Էնֆիաջյանը և Կարեն Գալստյանը այցելեցին Ախալցխա համայնքի խնդիրների մասին տեղում ծանոթանալու համար: Ջավախքին օգնելու անհրաժեշտությունը հասկանալի էր, այն իմաստով, որ տարածաշրջանը ունի կարեւոր աշխարհագրական դիրք, Ջավախքով են անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Երեւանից Բաթումի ճանապարհը, սակայն չգիտես ինչու, Հայաստանի անվտանգության համար այդքան կարեւոր Ջավախքը անտեսված է տարիներ շարունակ եղել Հայաստանի և սփյուռքի ավանդական կառույցների կողմից: Ջավախքին օգնելու ցանկությունը մեծ էր, սակայն այդ ժամանակ Գեոպոլիտիկ Ակումբը չուներ անհրաժեշտ մարդկային ռեսուրս այդ պատասխանատու ծրագիրը իրագործելու համար: Հայաստանում թավշյա հեղափոխությունը հասավ նաև Լոս Անջելես, որը համախմբեց մեր համայնքի հասարակական կազմակերպություններին` հիմնադիրներից` Հայդուկ Միություն, Հայկական Վերածնունդ, Սասնա Ծռեր Լոս Անջելեսի Մասնաճյուղ, այլ կազմակերպությունների ու անհատների: Այսպես հիմնվեց Սփյուռքի Միասնության Հարթակը: Ջավախքին աջակցելու անհրաժեշտությունը առաջարկվեց Սփյուռքի Միասնության Հարթակի անդամներին և այն ընդունվեց միաձայն: Հեռուստամարաթոնին մասնակցելու ցանկություն են հայտնել Ամերիկահայ Գրողների և Լրագրողների Միությունը, ԻՊՀ-ն, և այլոք: Այժմ մենք ունենք բավարար մարդկային ռեսուրս հարթակի տարբեր ծրագրերը իրագործելու համար: Ջավախքի Բարեկամներ ծրագիրը նախատեսում է միավորել համայն աշխարհի Հայությանը: Այն սկսվելու է Լոս Անջելեսի ժամանակով առավոտյան ժամը 8-ին Հայաստանից Նոյան Տապանի հետ ուղիղ կապի միջոցով, որին կմիանան լրատվամիջոցներ և կազմակերպություններ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Եվրոպայից, և կվերջանա Ամերիկայի Geopolitical.TV-ի միջոցով և այլ Հայկական լրատվամիջոցների ու կազմակերպությունների մասնակցությամբ: Ցավոք Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի հայերից դեռ արձագանք չկա: Հուսով ենք, որ նրանք էլ կմիանան այս նախաձեռնությանը և այն կդառնա համահայկական միասնության նախագիծ:

Դուք նշում եք, որ եթե դրամահավաքը հաջողի ապա Ախալցխայում բացելու եք Մարզամշակութային կենտրոն։ Քանի, որ Ջավախքը միայն Ախալցխան չէ կխնդրեինք նաեւ մնացած ծրագրերի մասին խոսեք, որպեսզի մեր ընթերցողները տեսնեն Ձեր հետագա ծրագրերը կապված Ջավախքի այլ շրջանների հետ։

– Այո, Ջավախքը միայն Ախալցխան չէ, չնայած Ջավախքին աջակցելու գաղափարը առաջացել է Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն հիմնելու որոշումով, սակայն այդպիսի մարզամշակութային կենտրոններ ցանկալի է տեսնել նաև Ջավախքի բոլոր շրջաններում, ինչպես նաեւ Ծալկայում, Բոլնիսում, Թբիլիսիում և այլ համայնքներում: Եթե մարզամշակութային կենտրոնը կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվի և բավարար գումար ավելանա, կարող ենք Ջավախքի տարբեր համայնքներում առկա խնդիրներ լուծելու համար գումար հատկացնել, հետեւաբար` ինչքան շատ գումար հավաքվի հունիսի 2-ին, այնքան լավ Ջավախքում ապրող մեր քույրերի և եղբայրների համար: Հնարավոր է, որ անհրաժեշտ գումարը չհավաքվի, բայց գոնե հնարավոր կլինի Ախալցխայի Մարզամշակութային կենտրոնի համար հողը կամ շենքը գնել և ժամանակի ընթացքում կառուցել այն: Այս պատճառով շատ կարեւոր է, որ բոլոր հայերը այդ օրը` հունիսի 2-ին մասնակցեն հեռուստամարաթոնին և բոլորս մեր նվիրատվություններով ցույց տանք որքան կարեւոր է Ջավախքը Հայաստանի և Վրաստանի բարեկամության համար: Սա շարունակական և հետեւողական աշխատանք է պահանջում: Այն բոլոր հայերի շահերից է բխում: Խնդրում եմ միացեք և օգնեք, ով ինչով կարող է: Մենք միայն շնորհակալ կլինենք: Հեռուստամարաթոնի մասին տեղեկատվություն տարածելու նպատակով Ջավախքի Բարեկամներ և Սփյուռքի Միասնության Հարթակ էջեր ենք բացել Ֆեյսբուքի կայքէջում, որտեղ պարբերաբար տեղադրում ենք հաշվետվություններ Ջավախքի դրամահավաքի համար կատարած մեր աշխատանքների մասին: Խնդրում եմ միացեք մեր էջին և մասնակցեք մեր աշխատանքներին: Ցանկալի կլիներ որ շատ գումար հավաքվեր հեռուստամարաթոնի ժամանակ և Ջավախքում ապրող բոլոր հայերը զգային սփյուռքի օգնության օգուտները տարբեր ծրագրերի իրագործման միջոցով:

Թելեթոնի մասով համագործակցում եք արդյոք Վրաստանի իշխանությունների հետ եւ ինչքանով է մնացած սփյուռքը ներգրավվելու այս դրամահավաքին

– Ջավախքի Բարեկամներ Թելեթոն-Դրամահավաքի մասին նամակներով տեղեկացրել ենք ԱՄՆ-ում Վրաստանի Դեսպան Դավիդ Բաքրաձեին, Հարավային Քալիֆորնիայում Վրաստանի Հյուպատոս Ֆրանկ Գրեինկեին, Վրաստանում ԱՄՆ-ի Դեսպան Ռոս Ուիլսոնին: Հուսով ենք, որ դա բավարար կլինի և մտածել ենք, որ կարիք չկա դիմել Վրաստանի Նախագահին և իշխանություններին Ջավախքի Բարեկամներ հեռուստամարաթոնին մասնակցելու կամ աջակցելու համար, գոնե այս պահին դրա կարիքը չկա: Եթե զգանք, որ կա այդ քայլի անհրաժեշտությունը, պատրաստ ենք դիմել Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիչվիլիին: Ջավախքի հայապահպանման և Հայ-Վրացական բարեկամության համար պատրաստ ենք անել ամեն հնարավորն ու անհնարը: Սփյուռքի Միասնության Հարթակի նպատակն է աջակցել հայերի համախմբմանն ու միասնությանը Սփյուռքի բոլոր հայ համայնքներում: