Ջիդդայում կայացել Է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Ջիդդայում կայացել Է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը ուրբաթ Ջիդդայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, գրում է Reuters-ը: Հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Իրանի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիա էր ժամանել նախօրեին։ Սա Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է թագավորություն երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:
Հինգշաբթի Աբդոլլահիանն Էր Ռիադում հանդիպել է իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ: Նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են»: «Մենք պայմանավորվել ենք անվտանգության, առևտրի, տնտեսության և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում առկա համաձայնությունների իրականացման հարցում»,- հավելել է իրանցի դիվանագետը:
Իր հերթին արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը նշել է, որ այդ բանակցությունները «նոր էջ են նշանավորում երկկողմ հարաբերություններում, որոնք հիմնված են Սաուդյան Արաբիայի և Իրանի եղբայրության, փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի վրա»: