Պետք է ապահովել մարդասիրական կառույցների անխոչընդոտ մուտքը ԼՂ. ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ

Պետք է ապահովել մարդասիրական կառույցների անխոչընդոտ մուտքը ԼՂ. ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցչի տեղակալ Ադրիան Ուրին Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ իր երկիրը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին և երկխոսությանը: 

 

«Ցանկանում ենք ընդգծել Լաչինի միջանցքի բացման կարևորությունը: Սննդամթերքի և դեղորայքի պակասին առերեսված կանայք, երեխաները և ծերերը կանգնած են իրենց գոյատևման վտանգված լինելու առջև: Անհրաժեշտ է ամենախոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների և հղիների համար ապահովել այդ ապրանքների հասանելիությունը: Վիճակը ծայրահեղ ծանր է, այն պետք է լուծվի անհապաղ: 

 

Կենսական նշանակություն ունի քաղաքացիների և առանցքային ապրանքների անարգել անցման ապահովումը: Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ 2020թ. Եռակողմ հայտարարության հանձնառություններին: Արդարադատության միջազգային դատարանը նշել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք սատարում ենք դատարանի երկու հայտարարություններին: 

 

Պետք է ապահովել մարդասիրական կառույցների անխոչընդոտ մուտքը: Կոչ ենք անում ԿԽՄԿ-ին գտնել հումանիտար կոնսենսուս, որպեսզի բնակչությունը ստանա այն օգնությունը, որի կարիքն ունի: ԿԽՄԿ-ն պետք է վերականգնի իր գործունեությունը տարածաշրջանում՝ առանց խոչընդոտների: 

 

Հաշվի առնելով խաղաղության հաստատման ջանքերը՝ երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքները շարունակում են խաղաղ հանգուցալուծման հիմք հանդիսանալ: Կոչ ենք անում կողմերին ձեռնարկել լարվածության թուլացման միջոցառումներ և ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ու խաղաղության համաձայնագրի կնքման համար: Շվեյցարիան հանձնառու է այդ գործընթացն առաջ մղելուն, եթե երկու կողմերը հետաքրքրված են դրանով, ինչպես նաև  հանձնառու ենք մեր ուժերի ներածի չափով անել հնարավորը՝ մարդասիրական ճգնաժամի հետագա խորացումը կանխելու համար»,- նշեց ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ադրիան Ուրին: