Ջավախքում ճանապարհների վար իրավիճակը կրկին բարդ է: Առատ ձյան եւ քամու պատճառով մշտապես փակվում են նոր մաքրված ճանապարհները: Քամու պատճառով որոշակի կետերի վրա ձյան բարձրությունը կարող է հասնել 2-3 մետրի:  Ներկա դրությամբ դեպի Կարծախի եւ Նինոծմինդայի անցակետ տանող ճանապարհը  բաց է, սակայն այնտեղ կան մեքենաների խցանումներ:

Արդեն երրորդ օրն է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղի ճանապարհը փակ է: Տեղում աշխատում են ձյուն մաքրող հատուկ մեքենաները, սակայն բուքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքները դժվարանում են:

Հունվարի 29-ից բուքի պատճառով Ախալքալաքում եւ Նինոծմինդայում փակվել են մի շարք գյուղերի ճանապարհներ, որտեղ ապրում է ընդհանուր հաշվով մոտ 1 300 ընտանիք: Ձյան մաքրման աշխատանքները Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանում իրականացվում են մշտական ռեժիմով:

Ախալցխայի շրջանում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է, սակայն հունվարի 30-ի դրությամբ Ախալցխայի շրջանի գյուղերում եւս եղել են մեքենաների տեղաշարժի սահմանափակումներ: Մի շարք գյուղերի բնակիչներ բողոքում են, որ դեպի իրենց գյուղ ձյան պատճառով չեն կարող մոտենալ մարդատար մեքենաները եւ նրանք ստիպված այլ միջոցներով են կարողանում քաղաք հասնել: