ԱՄՆ-ի Հայկական Կազմակերպությունների Հայտարարությունը Վրաստանի Իրադարձությունների Շուրջ
Հայ ազգի արժանավոր զավակ Միքայել Ավագյանի՝ Ախալքալակի Բուղաշեն գյուղում տեղադրված հուշարձանը առիթ է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետությունը իր մարդատյաց, արատավոր և սադրիչ քաղաքականության մեջ ներքաշի այժմ էլ հարևան Վրաստանում ապրող իր հայրենակիցներին՝ հրահրելով ազգամիջյան անկայունություն:
Վրաստանի խորհրդարանի առջև կայացած հանրահավաքում նրանք պահանջ են դրել ապամոնտաժել արցախյան ազատամարտի մասնակից մեր հայրենակցի հուշարձանը՝ ներկայացնելով նրան որպես Վրաստանի թշնամի: Ցավոք, այդ այլանդակությանը աջակցում են Վրաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Վրաստանի իշխանությունները մինչ այս պահը ցուցաբերում են հավասարակշռված մոտեցում այս հարցի շուրջ, ինչը մենք ողջունում ենք և կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին այսուհետ ևս չտրվել ադրբեջանական սադրանքներին:
Մենք խորապես շահագրգռված ենք Վրաստանի կայունության և հայ-վրացական դարավոր կապերի զարգացման շուրջ: Հայկական Սփյուռքի տարբեր կազմակերպություններ արդեն հայտարարություններ են տարածել այս հարցի կապակցությամբ: Մենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող մի շարք կազմակերպություններ, նույնպես հայտարարում ենք, որ աներկբա կանգնած ենք Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կողքին, դատապարտում ենք ադրբեջանական հերթական սադրանքը և ամեն ինչ կանենք այս և այլ սադրանքների չեզոքացման համար:
ԱՄՆ Հայդուկ Միություն
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ
ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միություն
Ի Պաշտպանություն Հայաստանի
Սասնա Ծռեր Լոս Անջելեսի Մասնաճյուղ
ԱՄՆ Արմավիրի Հայրենակցական Միություն
Հայկական Վերածնունդ Նյու Յորկի Մասնաճյուղ
Հայկական Վերածնունդ Բոստոնի Մասնաճյուղ
Սփյուռքի Միասնության Հարթակ