Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկված է Ավստրալիայի խորհրդարանի քննարկումներում

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկված է Ավստրալիայի խորհրդարանի քննարկումներում

Hayernaysor.am-Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի բանաձեւ, որը նվիրված է  ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի համար կոնվենցիայի ընդունման 70-ամյակին, եւ որը նաեւ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանի հայկական արմատներով պատգամավոր Թիմ Ուիլսոնի կողմից: Այն կոչ է անում «բոլոր երկրներին, այդ թվում նաեւ Ավստրալիային ընդունել զգոն լինելու անհրաժեշտությունը եւ գործել անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները ճանաչելու համար, ինչը կարեւոր է ապագա ցեղասպանությունները կանխելու հարցում»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ բանաձեւի քննարկման դրական արդյունքը հնարավորություն կտա ապահովել Ներկայացուցիչների պալատի կողմից ճանաչումն այն փաստի, որ բառախաղն այլեւս տեղ չունի:

«Այս փաստաթուղթը ցեղասպանություն բառն է պարունակում եւ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, անքակտելիորեն կապված են այս բառի ստեղծման հետ»,- ասել է Կայսերյանը: