Մահացել է Օլիմպիական խաղերի աշխարհի լեգենդար չեմպիոն ծանրորդ Յուրի Վարդանյանը
Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է news.am-ը:
«Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են նմանվել և ընդօրինակել բազմաթիվ երիտասարդ մարզիկներ, ում մարզական ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը:
Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի եւ Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կյանքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ և այն մարզիկն է, որը դեռ երկար տարիներ օրինակ է ծառայելու շատ ու շատ ծանրորդների համար:
Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը: Ես ցավակցում եմ Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին, մաղթում եմ նրանց հոգու արիություն և համբերություն»,- ասվում է նախարարի ուղերձում։
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում: 1974-1980թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտություն: 1984-1987թթ. սովորել է Երեւանի ժողովրդական ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետում եւ ստացել տնտեսագետի որակավորում:
Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970 թվականից, հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ: 1975-76 թթ. դարձել է աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվականից ԽՍՀՄ հավաքականի անդամ էր։ Աշխարհի 9-ակի չեմպիոն է 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թթ. եւ Եվրոպայի 8-ակի չեմպիոն 1977-78, 1980-81, 1980թթ.: Այդ ընթացքում 1977, 1979 եւ 1981 թվականներին նվաճել է նաեւ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում 82,5 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ եւ ռեկորդ սահմանել միջին քաշային կարգում՝ բարձրացնելով 400 կգ։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ: Աշխարհի 43 ռեկորդների հեղինակ է:
1985 թվականին Յուրի Վարդանյանն ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ եւ սկսում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Բացի մարզական կարիերայից, 1973-1974թթ. լեգենդար ծանրորդն աշխատել է Լենինականի վագոնային դեպոյում՝ որպես հրահանգիչ: 1986-1988թթ. եղել է Լենինականի արհմիությունների սպորտընկերության նախագահը: 1989-1991թթ. եղել է Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահը: 1991-1993թթ. եղել է ծանրամարտի ԱՄՆ-ի հավաքականի խորհրդատու-մարզիչը: 1994-1997թթ. եղել է ամերիկյան «Չիկագո Բուլս» բասկետբոլային ակումբի ֆիզպատրաստության մարզիչը: 1998-2002թթ. եղել է «Գյումրի հայրենակցական միության» նախագահը: 2003-2008թթ. եղել է Կալիֆորնիայի «Հայերի միության» նախագահը: 2009 թվականին նշանակվել է Հայաստանի երրորդ նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2014 թվականի հունիսի 24-ին նշանակվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ 2017թ. հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր դեսպանի պաշտոնից։
Յուրի Վարդանյանը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո: Ստացել է պետական պարգեւներ եւ մրցանակներ՝ 1985թ. Լենինի շքանշանակիր, 1980թ. «Աշխատանքային կարմիր աստղի» շքանշանակիր, 2008թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, 2008թ. ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: