Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

1in.am-Այսօր Վրաստանում՝ Թբիլիսիում, ինչպես նաև Հարավային Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված Վրաստանի կառավարության որոշման հետ, որով սեպտեմբերի 15-ից արգելվել է ցամաքային ճանապարհով հացահատիկի տեղափոխումը։ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնափոխադրողների բողոքի ցույցը շարունակվել է երեկ ողջ գիշեր, ապա նաև առավոտյան։

Հայաստանյան բեռնափոխադրողների խոսքերով՝ նման ակցիաներ իրականացրել են նաև իրենց օս գործընկերները, սակայն ռուսաստանյան իրավապահները բիրտ մեթոդներով շատ արագ ցրել են բողոքի ակցիան։

Նշենք, որ ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքով պայմանավորված աղմուկից հետո հայտարարվեց նախ 52 տոկոս զեղչի մասին, ապա նաև, երբ աղմուկը շատ մեծացավ, վրացական կողմը 15 օրով հետաձգեց որոշման կիրարկումը։ Հիմա, սակայն, բեռնափոխադրողները համարում են, որ որոշման հետաձգումը 15 օրով լուծում չէ և առհասարակ պետք է այդ որոշումը չեղյալ համարել։ Վրացի բեռնափոխադրողների խոսքերով՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Հայ բեռնափոխադրողների խոսքերով էլ՝ այս փոփոխությունից հետո ցորենի գինը կթանկանա, որը կազդի նաև հացի գնի վրա, ինչպիսի «ճոխություն» Հայաստանի պես երկիրը չի կարող իրեն թույլ տալ։ «15 օր հետաձգելը հարցի լուծում չէ։ 15 օր հետո ո՞վ է Հայաստանի համար հաց բերելու։ Այս որոշումն առհասարակ պետք է վերանայվի։ Մեր պահանջն այն է, որ շարունակենք աշխատել նախկինի պես։ Դա են պահանջում նաև մեր վրացի ու մյուս գործընկերները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հայ բեռնափոխադրողներից մեկը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենք այսօր բողոքի ակցիա չեն իրականացրել՝ անսալով հայաստանյան կառավարության հորդորներին՝ սպասել մինչև հոկտեմբերի 1-ը։ Սակայն եթե հոկտեմբերի 1-ից հետո էլ հարցի վերջնական լուծման ուղղությամբ՝ այն է վրացական կառավարության համապատասխան որոշման չեղարկումը, գործնական քայլեր չեղան, իրենք ևս վերսկսելու են բողոքի ակցիաները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին արդեն մեկ անգամ Հայաստանից մի քանի տասնյակ բեռնատար մեքենաների վարորդներ 2-3 ժամով փակել էին Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ այսպիսով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ։ «Հիմա մենք մի քանի օր էլ կսպասենք ու եթե լուծում չեղավ, նորից ակցիաները վերսկսելու ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Վրաստանի կառավարությունը առայժմ անդրդվելի է։ Միակ գործնական քայլն այն է, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի հրամանով հետաձգվել է ավտոճանապարհով ցորենի և ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ հրամանագրի կիրառումը: «Ալյուրն ու ցորենը Վրաստանի մաքսային տարածք ներկրելու կամ Վրաստանի մաքսային տարածքից արտահանելու համար թույլատրվում է միայն երկաթգծի միջոցով և ծովային տրանսպորտով: Որոշ դեպքերում եկամուտների ծառայության համաձայնությամբ, մաքսային կետերում ապրանքի ներկրում ու արտահանում հնարավոր կլինի իրականացնել բեռնատար մեքենաներով»,- ասված է նոր հրամանագրում:

Վրաստանի կառավարությունն իր այս որոշումը պատճառաբանում է ճանապարհների որակը խնայելով։ Նրանց ուսումնասիրություններով՝ հացահատիկով բեռնված մեկ մեքենան ավտոճանապարհին շատ ավելի վնաս է հասցնում, քան 20 հազար մարդատար մեքենան։