Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հերքում է, որ իր հետ քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցից կապվել են հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով։
«Ինձ հետ որեւէ մեկը այդ հարցով կապ չի հաստատել։ Տվյալ հարցով ես զրույց չեմ ունեցել դպրոցի տնօրենի հետ։ Օրենքով նախատեսված է այն, որ ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա այդ ձեւ էլ գրած պետք է լինի դպրոցի ցուցանակի վրա»,-ասում է Խաթունա Խմալաձեն։
Մեր հարցին թե ինչպես է ստացվում, որ օրինակ Թբիլիսիի հայկական թիվ 104, կամ Ախալքալաքի թիվ 1, թիվ 4 եւ թիվ 5 դպրոցների վրա կա հայատառ ցուցանակ եւ այնտեղ օրենքով դա թույլատրվում է, Խաթունա Խմալաձեն դժվարացավ պատասխանել, ասելով, որ անպայման դա ճշտելու է, ինչպես նաեւ հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովայի հետ զրուցելու այդ հարցով։
Հիշեցնենք, որ Akhaltskha.Net-ը երկու օր առաջ տեղեկացրել էր, որ հայկական դպրոցի տնօրինությունը դպրոցի մուտքի վրա հայկական ցուցանակի տեղադրման խնդրանքով դիմել էր Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությանը ռեսուրս-կենտրոնի միջոցով, որտեղից էլ իբր եկել էր բացասական պատասխան։
Akhaltskha.Net