Ուկրաինայում հակամարտությունը «խրամատային պատերազմի» է վերածվում. սենատոր Անգուս Քինգ
		09.01.2023 . Միջազգային


Ուկրաինայի արևելյան հատվածում հակամարտությունը վերածվում է «խրամատային պատերազմի», այս մասին CBS-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի սենատոր Անգուս Քինգը։

«Դա գրեթե նման է Առաջին համաշխարհային պատերազմին: Սարսափելի է»,- ասել է քաղաքական գործիչը։ Քինգի խոսքով՝ հետևակի զրահամեքենաները, որոնք ներառված են Ուկրաինային տրամադրվող օգնության նոր փաթեթում, նախատեսված են օգնելու Կիևին՝ փոխելու իրավիճակը արևելյան ուղղությամբ։

Սենատորը նաև կարևորել է Սպիտակ տան որոշումը՝ Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը գործնականում անպաշտպան է ռուսական հրթիռային հարվածներից։

Bloomberg պարբերականն էլ գրում է, որ  Միացյալ Նահանգները նոր սպառազինություններ է փոխանցում Կիևին՝ պայմանով, որ Ուկրաինայի զինված ուժերը դրանք չեն օգտագործի ռուսական տարածքներին հարվածելու համար, քանի որ դա կնշանակի «հատել կարմիր գիծը», որը սահմանել է Կրեմլը, և կարող է հանգեցնել լայնածավալ հակամարտության։