Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողությունից, արևմտյան երկրները պետք է երկարաժամկետ ծրագիր ունենան Ուկրաինային աջակցելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել իր հիմնական նպատակից՝ Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց, ուստի անհրաժեշտ է, որ արևմտյան երկրներն ունենան Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ծրագիր։
«BBC»-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգը նշում է, որ ուկրաինական բանակի հաջողությունները չպետք է կեղծ տպավորություն ստեղծեն Կիևի արագ հաղթանակի վերաբերյալ։
«Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ամիս շարունակ հակահարձակողական են, բայց մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը մոբիլիզացվել և համալրել է իր ռազմական շարքերը։ Մոբիլիզացվածներից շատերն այժմ վերապատրաստման դասընթացներ են անցնում: Այս ամենը խոսում է այն մասին, որ նրանք պատրաստվում են պատերազմի շարունակմանը և, հնարավոր է, նոր հարձակումների փորձին»,- ասում է Ստոլտենբերգը՝ նշելով, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պահանջում է Արևմուտքի ռազմական աջակցությունը։
«Եթե մենք ցանկանում ենք, որ խաղաղ համաձայնագիրը ուժեղացնի իրավիճակը, որպեսզի Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, մենք պետք է ապահովենք Ուկրաինայի աջակցությունը։ Դրանց թվում՝ ռազմական աջակցություն, քանի որ դա միակ միջոցն է՝ համոզելու Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և ճանաչել Ուկրաինան որպես Եվրոպայի ինքնիշխան, անկախ պետություն»,- ասում է Ենս Ստոլտենբերգը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։