Հայտարարություն․ Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում
Արդեն երկու տարի լրացավ այն օրվանից, երբ Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի անկախ պետականության նկատմամբ: Ռազմական ագրեսիայի առաջին իսկ ժամերին ադրբեջանական զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին Արցախի Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ վայրագությունը կրկին անգամ փաստեց, որ Արցախը երբեք չպետք է եւ չի կարող հրաժարվել ազատագրված տարածքներից, որոնք շատերը անվտանգության գոտի են անվանում:
Վախով ու ատելությամբ դրդված ադրբեջանցի զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին նաեւ մարտական գործողությունների ժամանակ, անհավասար մարտերում դաժանաբար սպանելով մի շարք հայ զինվորականների։ Այդ փաստը միայն կարելի է որակել, որպես ադրբեջանական պետության հակահայ քարոզչության ու ատելության սերմանման անմիջական արդյունք:
Երկու տարի առաջ ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցածը մեկ անգամ եւս փաստեց, որ Արցախի ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող ապրել Ադրբեջանի հետ մեկ պետության կազմում: Դա հասկացավ նաեւ ողջ քաղաքակիրթ աշխարհը։
Հայ զինվորի ոգու, հայրենասիրության ու ռազմական գիտելիքների շնորհիվ քառօրյա պատերազմը կրկին պսակվեց հայ ժողովրդի փառահեղ հաղթանակով:
Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հայ զինվորներին, ինչպես նաեւ հաշմանդամ մնացածներին եւ ողջ ու առողջ պատերազմից վերադարձածներին: Նրանք բոլորը անհավասար մարտերում փառքով պահեցին հայրենի Արցախի անկախ ապրելու իրավունքը եւ կրկին անգամ ազատ ու խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ընձեռնեցին փոքրիկ արցախցիներին՝ մեր անկախ երկրի ապագա սերնդին:
Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն