Հայկական ու վրացական լրատվամիջոցները պետք է պատրաստ լինեն ճիշտ հակազդելու ջավախքյան ասպարեզում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենային
Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան շատ հաճախ է օգտագործում «Ջավախքյան անջատողականության» մասին սադրիչ ու կեղծ հրապարակումները ապակայունացնելու համար իրավիճակը Սամցխե-Ջավախքի շրջանում։ Տվյալ գործելաոճը ընդամենը մի մասն է այն մեծ ծրագրի, որը իրականացնում են տվյալ պետությունները Վրաստանում ու մասնավորապես Ջավախքում։ Տնտեսական ու քաղաքական լծակներ օգտագործելուց բացի տվյալ պետությունները իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով ցանկանում են ստեղծել այնպիսի պատկեր իբր հայերը սպառնում են Վրաստանի պետականությանը, այն ինչ իրականում լրիվ հակառակն է եւ տվյալ հրապարակումները ոչ միայն ուղղված են հայերի դեմ, այլ նաեւ իրենց կողմից իրականացվող ակտիվությունը ծածկելու նպատակ են հետապնդում։
Ինչպես նշեցինք ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ է մեղադրում ջավախահայերին անջատողական տրամադրություններ ունենալու մեջ։ Եւ հատուկ քաղաքական հաշվարկներով փաստարկ է բերում ռուսական գործոնի պահը, որը իբր ամուր է Սամցխե-Ջավախքում։ Դրանով ադրբեջանական լրատվամիջոցները նպատակ ունեն համոզելու վրաց հասարակությանը եւ իշխանություններին, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ջավախահայերին ընդդեմ Վրաստանի։ Դա շատ կեղտոտ ու ստոր գործելաոճ է, որը նպատակ ունի տրորել Վրաստանի դեռեւվս չսպիացած վերքը կապված 2008թ ռուս-վրացական պատերազմի հետ։
Նրանք իրենց կեղտոտ քարոզչության մեջ երեւի հաշվի չեն առել այն փաստը, որ Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը ռուս-վրացական պատերազմների ժամանակ սկսած դժվարին 90-ական թվականներից մշտապես գտնվել է վրաց պետականության կողքին։
Բավական վերջերս թուրքական ASİMDER կազմակերպության ղեկավար Գեկսել Գուլբեյը հայտարարեց, որ իբր լուծարված ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչները վերադարձել են Վրաստան եւ ստեղծել են «Վիրք-երկիր» կազմակերպություն, որպեսզի իրագործեն ռուսական քաղաքականությունը շրջանում։ Տվյալ անհեթեթության համաձայն ռուսական նախկին ռազմաբազայի զենքերը հասել են այդ կազմակերպությանը։
Տվյալ հայտարարությունը անհեթեթություն է միանգամից մի քանի պատճառներով եւ շրջանին ծանոթ յուրաքանչյուր անհատ կարող է ծիծաղել տվյալ հրապարակման վրա։ Սակայն եթե խորանանք տվյալ հրապարակման իմաստի մեջ, ապա պարզ է դառնում, որ տվյալ հայտարարությունը Գեկսել Գուլբեյը արել է թուրքական ու ադրբեջանական իշխանությունների պատվերով եւ այն նպատակ ունի ինչ որ սադրիչ գործողությունների իրականացում ընդդեմ ջավախահայության։
Դրական կարելի է համարել այն փաստը, որ հայկական ու վրացական լրատվամիջոցները չեն արձագանքում տվյալ անհեթեթ հայտարարություններին նման անհեթեթություններով։ Դրանց ուշադրություն չի արժանացնում նաեւ Վրաստանի իշխանությունը։ Սակայն ժամանակն է մտածելու թե ի վերջո ինչ նպատակ են հետապնդում տվյալ տեսակի հրապարակումները, որոնք տեղի են ունենում պարբերաբար եւ արդյոք դրանք չեն կարող վերածվել լուրջ սադրանքի ընդդեմ Սամցխե-Ջավախքի հայ եւ վրաց ազգաբնակչության։ Ճիշտ ժամանակն է, որ մեր երկու երկրների լրատվամիջոցները, վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները ավելի սթափ նայեն այն գործընթացների վրա, որոնք իրականացնում են թուրքերն ու ադրբեջանցիներն Սամցխե-Ջավախքում։
Նաեւ այս ամենի հետ մեկտեղ շատ կարեւոր է ուշադիր հետեւել ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանում տեղի ունեցող գործընթացների վրա, որտեղ բավականին վերջերս ի հայտ են եկել դրսից եկած ծայրահեղ վահաբիզմի քարոզիչներ, որոնք այնտեղ արդեն իսկ ընդունվում են բնակչության որոշ շրջանակներում եւ հասել են նշանավոր արդյունքների։ Սրա վրա պետք է կենտրոնանա վրացական ու հայկական մամուլը, քանզի դա մեծ սպառնալիք կարող է հանդիսանա Վրաստանի կայունության ու անվտանգության համար։ Հենց նման երեւույթներից վրացական իշխանություններին ու հասարակությանը շեղելու միտում ունեն Գեկսել Գուլբեյի նման հայտարարություններ անող թուրք ազգայնականները, ինչին կարող են հետեւել արդեն իրական եւ ոչ վիրտուալ սադրանքներ։
Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն