Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Այսօր օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում։ Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն էր բացում գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին վերանորոգվել և որմնանկարներով էր պատվել ծագումով Դիլիսկայից, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ։

Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու բազմաթիվ հավատացյալներ։

Հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորեցին «Դիլիսկա» պարի համույթի սաները։ Հավարտ Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու օրհնության կարգի՝ եկեղեցու բակում բացվեց 2 խաչքար։ Մեկը նվիրված էր անհայտ կորած զինվորին (բարերար Փիլոս Մանուկյան), մյուսը՝ Սրբոց Նահատակաց հիշատակին (բարերար Վանիկ Մոսոյան)։

Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նախ ջրով ու գինով լվացին խաչքարերը, ապա Գերաշնորհ Սրբազան Հայրը կատարեց օծման կարգը։ Խաչքարերի օծման օրը պատահական չէր ընտրված։ Դեկտեմբերի 9-ը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված է որպես Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օր: Տոնական օրը Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ավարտվեց բարերարների կողմից մատաղի հյուրասիրությամբ։ Այնուհետև Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Արժանապատիվ Տեր Հայրերի ուղեկցությամբ, այցելեց Դիլիսկայի Վարդան Նահատակյանի անվան թիվ 4 մանկապարտեզ, որտեղ մեծ խանդավառությամբ, աղ ու հացով դիմավորեցին հյուրերին։ Գերաշնորհ Սրբազան Հայրն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց մանկապարտեզի մանկավարժական կազմին, մասնավորապես տնօրեն Մանիկ Գաբրիելյանին։


Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան