Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ

Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ
ՀՀ գիտությունների ազգային ակադեﬕայում տեղի ունեցավ գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր, ՀՀ ԳԱԱ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությունը:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընթերցեց ՀՀ ԳԱԱ ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Այսօր արդեն իրականություն են համապարփակ և բազմաթիվ թեմատիկ հանրագիտարանները, որոնք ստեղծվել են Հ. Այվազյանի աշխատանքով ու գլխավորությամբ և իրենց հեռագնա առաքելությամբ դարձել են հայ գրավոր մշակույթի անբաժան մասը։ Քիչ չեն նաև իր հեղինակած գրքերը, որոնք վերաբերում են մեր կյանքի հասարակական-քաղաքական, ազգային ոլորտների տարբեր կողմերին, լայն է այն շրջանակը, որը հետաքրքրել է Հ. Այվազյանին որպես հայրենիքի իսկական քաղաքացու»։
Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ Հ. Այվազյանի անցած ճանապարհին և գործունեությանը, նշելով, որ նրա կյանքում մեծ իրադարձություն էր Հայկական սովետական բազմահատորյա հանրագիտարանի հրատարակությունը, հատկապես հինգերորդ հատորինը, որը փորձաքար էր պատասխանատու պաշտոնում հայտնված Այվազյանի համար։ Որպես պատմաբան Ա. Մելքոնյանը կարևորեց հայ գեներալներին՝ Անդրանիկ Զորավարից մինչեւ Գուրգեն Դալիբալթայանին անդրադարձը, ինչպես օրինակ՝ գիտագեղարվեստական ժանրով գրված «Հովհաննես Թումանյան և Անդրանիկ Զորավար» գիրքը։
Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ բոլոր անդաﬓերի անունից շնորհավորեց Հովհաննես Այվազյանին`նորանոր հաջողություններ մաղթելով նրան. «Հովհաննես Այվազյանը լայն մտահորիզոն ունի, նա պայքարող և արարող տեսակ է: Աշխատանքի բերմամբ բազﬕցս առնչվել եմ Հովհաննես Այվազյանի հետ: Հրաշալի է հանրագիտարանների այն շարքը, որը տպագրվել է նրա օրոք: Չնայած բոլոր դժվարություններին նա կարողացավ համախմբել հանրագիտարանի վրա աշխատող բոլոր մարդկանց և չհանձնվեց, շարունակեց հանրագիտարանների հրատարակումը, որոնք գրքարվեստի տարբեր միջազգային ցուցահանդեսներում պատվով ենք ներկայացրել։ Բազմաթիվ գրադարաններում եմ եղել և տեսել, որ այն ամենաշատ կարդացվող գրքերից է»,-նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը ներկայացրեց համալսարանի ուղերձը, որտեղ նշված էր, որ Հ. Այվազյանն արժանիորեն վաստակել է հայ մտավորականի բարձր կոչումը՝ իր գրական, հրատարակչական, գիտական և հասարակական գործունեության, ինչպես նաև հայրենի կրթությանը և մշակույթի զարգացմանն ուղղված աշխատանքի շնորհիվ։     Ծննդյան տարեդարձի և գրական, հրատարակչական, հասարակական արգասավոր գործունեության, Հայաստանում հանրագիտարանային գործի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար Հ. Այվազյանը պարգեւատրվեց ԵՊՀ «Ոսկե մեդալով»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ նկատեց. «Հովհաննես Այվազյանը բեղուն և արգասաբեր գիտական գործունեություն է ծավալել: Զորավար Անդրանիկին, Հովհաննես Թումանյանին նվիրված նրա աշխատանքները պատմագիտական մտքի հրաշալի գործեր են: Հետաքրքիր են նրա գեղարվեստական գրքերը, կարևորում եմ նաև հայրենասիրական ոգով լեցուն հոդվածները, որոնք տվել են իրենց պտուղները: Շնորհավորում եմ, մաղթում եմ նոր հանրագիտարաններ հրատարակել»,-եզրափակեց նա և ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի կողﬕց ոսկե ժամացույց նվիրեց հոբելյարին:
«Ջավախք» հայրենակացական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոստովանեց, որ իր համար էական դերակատարություն և նշանակություն է ունեցել ոչ միայն «Խորհրդային Հայաստան» հանրագիտարանը, այլև հանրագիտարանների մնացյալ շարքը։ Հոբելյարին շնորհվեց միության պատվավոր անդամի կոչում։
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արամ Շահինյանը, ով եղել է Այվազյանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը, բարձր գնահատեց վերջինիս մարդկային և մասնագիտական որակները։ «Մինչև այսօր ինձ թվում էր, թե նա 70—ական թթ. այն երիտասարդն է՝ տաղանդավոր, աշխատասեր, որն ուսանողական աթոռից մուտք գործեց իմ գիտական խումբ՝ դառնալով մեր երիտասարդ աշխատակիցներից մեկը»,–ընդգծեց ակադեմիկոսը։
Հրապարակախոս, ճարտարապետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը Հ. Այվազյանի ամենաբնութագրական հատկանիշները համարեց հայրենասիրությունը և իր գործին անմնացորդ նվիրումը։
Շնորհավորեցին և գնահատանքի խոսք ասացին նաև ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արտաշես Թադևոսյանը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը և ուրիշներ։
Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն էլ իր խոսքում նշեց «Ինձ համար մեծ պատիվ ու բարեբախտություն է, թերևս նաև ճակատագիր, որ հայկական հանրագիտարանի ստեղծման և հանրագիտարանային մշակույթի զարգացման գործը կապված է նաև իմ անձի և անվան հետ։ Այդ ամենն ավելի խորը իմաստ է ստանում, երբ դիտարկում եմ հանրագիտարանի հեռագնա առաքելության տեսանկյունից։ Շուրջ 40 տարի է լծված եմ այս աշխատանքին և պետք է խոստովանեմ, որ իմ մեջ ավելի ու ավելի է խորանում անժամկետ պատասխանատվության այն զգացումը, որ խմբագիրն ունենում է յուրաքանչյուր հերթական հատորը տպարան իջեցնելիս»,–նշեց Հ. Այվազյանը, շեշտելով, որ երազում է Հայոց ազգային հանրագիտարանի նոր հրատարակության մասին. «Լավ է, որ ﬔր երկրում թեմատիկ հանրագիտարաններ կան: Բայց Հայոց ազգային հանրագիտարանը չափազանց ﬔծ նշանակություն կարող է ունենալ ﬔր երկրի համար: Հուսամ` կկարողանամ իրականացնել երազանքս»,-ասաց նա:
Hayacq.com-ը ստորև ներկայացնում է Հովհաննես Այվազյանի կենսագրության և աշխատանքային գործունեության  վերաբերյալ տեղեկատվություն:
Հովհաննես Մնացականի Այվազյանը ծնվել է 1947թ. նոյեմբերի 7-ին (անձնագրում՝ 1948թ., փետրվարի 27) Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանի Փոքր Խանչալի գյուղում: 1962-ին ընդունվել, 1966-ին՝ կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը, 1971-ին ավարտել է Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (եղել է լենինյան կրթաթոշակառու):
1971—72 թթ. Եղել է ԵՊԻ հիմնական նյութերի սինթեզի տեխնոլոգիայի ամբիոնի ստաժոր, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող ՀՀ ԳԱԱ ֆիզիկա-տեխնիկական կենտրոնի Գորիսի մասնաճյուղում (1972–74), 1979–99-ին՝ «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագրի տեղակալ՝ բնական և ճշգրիտ գիտությունների գծով, 1999-ից՝ գլխավոր խմբագիր-տնօրեն:
Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005–07), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007–10), «Հայաստան» (2012), «Հայ գրատպության և գրքարվեստի» (2015) հանրագիտարանները, «Հանրագիտական բառարանի» (2 հատորով) 1-ին հատորը: Պատրաստության ընթացքում են «Հայկական երաժշտական հանրագիտարանը», «Հայագիտական բառարանի» 2-րդ հատորը, «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը» ( նախատեսվում է հրատարակել 2019-ին՝ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:
1978-ին պաշտպանել է թեկնածուական, 1998-ին՝ դոկտորական ատենախոսություն` «Քիմիական անվանակարգության բարեփոխման» թեմայով և ստացել քիմ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Պարգևատրվել է «Երախտագիտության» (2017), Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային հիմնադրամի ոսկե (2001), ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե (2013), «Գրիգոր Նարեկացի» (2016) և ԵՊՀ ոսկե (2017) մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2013) և ՀՀ ԳԱԱ վաստակագրով (2016):
7 գրքի և բազմաթիվ գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Գիտական աշխատությունները վերաբերում են հայկական քիմիական անվանակարգության խնդրիներին, հայ ազգային-ազատագրական պայքարին՝ Առաջին համաշխարհային և Ղարաբաղյան պատերազմի տարիներին:
1992–2006-ին եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության և նրա պաշտոնաթերթ «Ասպնջակի» խմբագրական խորհրդի նախագահ (2001–06): «Վիրահայոց» ՀԲ միության (1990–91), «Հզոր Հայրենիք» կուսակցության (1998–2006) փոխնախագահ, «Հայրենակցական միությունների դաշինք» ՀԿ հիմնադիր նախագահ (2001-ից):
Թեկնածուական ատենախոսության թեմայով 12-ից ավելի հոդվածներ՝ տպագրված հանրապետական և միութենական քիմիական ամսագրերում:
Թեման՝ «Մակերևութային ակտիվ նյութերի ջրային լուծույթներում միցելառաջացման ու նրանց ֆիզքիմիական հատկությունների մասին»
Դոկտորական ատենախոսության թեմայով 15-ից ավելի հոդվածներ՝ տպագրված հանրապետության գիտական ամսագրերում:
Թեման՝ «Հայկական քիմիական անվանակարգության կազմավորման և զարգացման առանձնահատկությունները»
Մենագրություն՝ «Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները», 1998
Գրքեր
«Հաղթանակած բանակի գեներալը», 2001
«Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան», 2004
«Հաղթանակի և վերհուշի ճամփաներով», 2006
«Մի հայտնագործության պատմություն», 2007
«Հարսանիք», 2008
«Հաղթելու արվեստը», 2011
«Օրերի անձանձիր հոլովույթում», 2015Դպրոցական հանրագիտարան մատենաշարով

«Հին աշխարհի յոթ հրաշալիքները և … Հայաստան» (2005), «Տիեզերք» (2008), «Էկոլոգիա» (2008):
Աղբյուր՝  hayacq.com