«ԷՍԹԵՐՈՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼ ՀԱՋՈՂԱԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Akhaltskha.Net-ի հարցազրույցը «էսթերոքս» ընկերության տնօրեն՝ Արմեն Ադամյանի հետ:

Պարոն Ադամյան նախ մի փոքր պատմեք ձեր կողմից հիմնադրված ընկերության մասին

– Էսթերոքս ընկերությունը հիմնականում զբաղվում է վեբ կայքրեի եւ վեբ ծրագրերի պատրաստմամբ: Վեբ ծրագրեր պատրաստելը եւ ընդհանրապես այս ոլորտում նորարարություններ մտցնելը ավելի բարդ եւ պատասխանատու աշխատանք է պահանջում: Օրինակ մենք աշխատում ենք դպրոցներում առարկաների ընտրության ծրագրի վրա, որը աշխատում է նավարկիչով (browser֊ով), ոչ մի այլ ծրագիր տեղադրելու կարիք չկա։ «Էսթերոքս»-ը որպես կանոն քրիստոնեական արժեքների վրա հիմնադրված ընկերություն է, մեր հարաբերությունները աշխատավայրում և թե արտաքին հարաբերություններում ձգտում է լինել քրիստոնեավայել։ Պարզաբանեմ ասածիս իմաստը: Օրինակ Էսթերոքս ընկերությունը չի վերցնում պատվերներ պատրաստելու համար մարդու առողջությանը վնասող, անբարո կյանք քարոզող կայքերի համար նախատեսված ծրագրեր: Մենք մեր աշխատանքներով փորձում ենք աշխարհը դարձնել ավելի լավը և ավելի բարի։ Տեխնոլոգիաները զարգանում են, աշխարհը առաջ է գնում, իսկ մարդկային հարաբերությունները մնում են նույնը։

Դուք մտադիր եք Ախալցխայում անցկացնել վեբ ծրագրավորման դասընթացների ծրագիր:

– Ծրագրավորումը միջինից բարձր գումար վաստակելու համար ժամանակակից լավագույն միջոցներից է։ Այն թույլ չի տալիս հետ մնալու աշխարհի ամենօրյա առաջընթացից տվյալ ոլորտում: Տվյալ գործով զբաղվելու համար պետք է համակարգիչ, ինտերնետ և համապատասխան գիտելիքներ, իսկ գտնվելու վայրը բացարձակ ոչ մի նշանակություն չունի։ Մենք մեր Երևանյան գրասենյակից դուրս չգալով աշխատում ենք Իսպանիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի և այլ երկրների հետ։ Համակարգիչ ու ինտերնետ գրեթե բոլորը ունեն, մնում են գիտելիքները, որի բացն էլ ուզում ենք լրացնել Ախալցխայում։

Մի փոքր պատմեք ձեր ընկերության այս ծրագրի մասին:

– Ծրագրավորումը մեծ աշխարհ է։ Մենք մշակել ենք ծրագիր այն ոլորտում, որում մենք մասնագիտացված ենք։ Ինչպես նշեցի մենք պատրաստում ենք վեբ ծրագրեր։ Մեր նախատեսած դասընթացի ծրագիրը, որը պատրաստվում ենք անցկացնել Ախալցխայում ներառում է բոլոր մասերը ամբողջական վեբ ծրագիր պատրաստելու համար։ Այն տևելու է 9 ամիս։ Նախատեսում ենք, որ դասընթացները ընթանան ամբողջ օրվա կտրվածքով: Օրինակ առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 17։00-ը։ Դասընթացները անցկացնելու ենք հիմնականում նոութբուքների վրա, քանի որ այն հնարավորություն կտա նաև աշխատել, սովորել տանը։ Մեր դասերը նման չեն լինելու սովորական դասերին։ Այն ավելի մեծ եռանդ է պահանջելու աշակերտներից, մեր գործն է ուղղորդելը, օգնելը, ստուգելը, բայց ինչ վերաբերվում է ամեն ինչ ծամել բերանը դնել, այդպես չի լինելու։ Հասկացեք տեխնոլոգիաները զարգանում ու փոխվում են և մենք ամեն օր սովորում ենք նոր բաներ։ Այս կերպով սովորեցնելը կբերի նրան, որ մեր ուսանողները արդյունքում կդառնան ավելի ինքնուրույն և հետագայում կկարողանան սովորել նոր տեխնոլոգիաներ։ Չեմ ուզում վախեցնել, բայց իսկապես համառ աշխատանք է պահանջվում։ Բայց կարող եմ խոստանալ, որ մինչև վերջ դիմացողներին կապահովենք աշխատանքով։

Ինչպե՞ս եք մտադիր իրագործել տվյալ գաղափարը։

– Պատկերացրեք աշխատանքով ապահովելը ամբողջ գործընթացի ամենահեշտ մասն է։ Փառք Աստծու պատվերների պակասություն չունենք։ Հակառակը մեր խնդիրը լավ մասնագետների սակավությունն է։ Այնպես որ, եթե 9 ամիս ջանասիրաբար աշխատեն և հաջողությամբ տան քննությունները, մենք միայն ուրախ կլինենք։ Քանի որ դասընթացները անվճար են, արդյունքում նոր մասնագետներով համալրելը մեզ համար միայն ուրախալի է։

Երբ է մեկնարկելու տվյալ ծրագիրը եւ ինչպես գրանցվել տվյալ դասընթացներին մասնակցելու համար։

– Դասընթացները կսկսվեն 2017թ-ի փետրվարին։ Իսկ գրանցվելու համար պետք է լրացնել հետևյալ հասցեում տեղադրված հարցաթերթիկը՝ region.cv.form.esterox.am, որից հետո մենք ընտրելու ենք աշակերտներին: