Վրացիներն ուզում են Գումբուրդոյի հայկական եկեղեցին ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան կխոչընդոտի. Տեր Տաթեւ

Վրացական իշխանությունները Գումբուրդոյի հայկական եկեղեցին ցանկանում են որպես պատմամշակութային արժեք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան խոչընդոտ կհանդիսանա։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում հայտնեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ` Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։

Նրա խոսքով, վրացական կողմը պնդում է, որ ոսկորները հողի մակարդակի վրա են թաղվել, իսկ շինարարական աշխատանքների արդյունքում այդ մակարդակը պիտի իջնի, եւ հետագա շինարարական աշխատանքների արդյունքում կարող է խաչքարի դուրսբերման խնդիր առաջանալ։ Այսինքն, ոսկորների ավելի խորը մակարդակում թաղելուց հետո միայն հնարավոր կլինի խաչքարի տեղադրումը։

Ավելին, վրացական Հաշտության եւ հավասարության փոխնախարարը հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստակամ է ժողովրդի պահանջը բավարարել. «Քանի որ եկեղեցու ամբողջ տարածքը հանդիսանում է վրացական պատրիարքարանի սեփականություն, պետությունը, միանշանակ, իրավաբանական կողմով պիտի պաշտպանի վրացական  պատրիարքարանի շահերը։ Վերջնական որոշումը  Վիրահայոց թեմը պիտի տա, իսկ բավարարումը կարող է լինել պատրիարքարանի բարի կամքի դրսեւորում»,-նշում է Տեր Տաթեւ քահանան։

Երեկ, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը եւ  Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական  փոխանորդ Բաբկեն վարդապետը վրաց պատրիարքարանում հանդիպում են ունեցել պատրիարքության, ինչպես նաեւ վրացի մի քանի պաշտոնյաների հետ, որպեսզի կատարված դեպքերի հետ կապված բանակցություններ ընթանան։ Այսօր այդ բանակցությունների մասին հանդիպում պիտի տեղի ունենա Գումբուրդո գյուղի բնակիչների հետ։

Այժմ սպասվում է աշխատանքային խմբի ձեւավորում այդ հարցերը քննարկելու, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու եւ ելքեր գտնելու համար։

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով ծեծել տեղի հայ բնակիչներին: