Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում
Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Եթե մի քանի օր առաջ Վրաստանի ՊՆ-ն ընդամենը չեզոք տեղեկատվությամբ իրազեկել էր, որ Հայաստանը չեղարկել է մասնակցությունն իր տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Երեկվա պաշտոնական հայտարարության տոնայնությունը միանգամայն այլ է, և Երևանն, ըստ էության, մեղադրվում է գործընկերության սկզբունքը խախտելու, անպատասխանատու վարքագիծ ցուցաբերելու համար:
Ինչքան էլ օբյեկտիվ լինի այդ գնահատականը՝ Վրաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը բնորոշ չէ հայ-վրացական հարաբերությունների ոգուն և հազիվ թե հետևանք լինի տեխնիկական պատճառի, օրինակ՝ այն հանգամանքի, որ կոմունիկացիոն անհարթություն է եղել մեր և հարևան երկրի ՊՆ-ների հարաբերություններում:
Ակնհայտ է, որ Վրաստանը գնում է հարաբերությունների սրման, հակառակ դեպքում զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը կդառնար այս պատմության վերջակետը, ոչ թե Վրաստանը կորոշեր զորավարժությունների ավարտից հետո թեմային նոր ընթացք տալ: Առավել ևս, որ հարակից այլ իրադարձություններ անուղղակիորեն հաստատում են, որ հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի փուլ է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա:
Վրաց փորձագետները, ովքեր, որպես կանոն, հատկապես հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում խիստ հավասարակշիռ գնահատականներ են տվել ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարին՝ շեշտը դնելով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունների անհրաժեշտության վրա, վերջին օրերին փոխել են իրենց տոնայնությունը:
Թեմային առնչվող հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ մեկնաբանել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին: Նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող հստակ ասել՝ այդպիսի նախաձեռնություն կլինի կամ կառաջարկվի՞ արդյոք բանաձևի նախագիծ, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, թե որն է Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Սա ինքնին հիմք է տալիս ենթադրելու, որ եթե ներկայացվի նման բանաձև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, Վրաստանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը»:
Ինչո՞ւ է Վրաստանը գնում Հայաստանի հետ հարաբերությունների սրման: Պատճառները թերևս կարող են երկուսը լինել: Ըստ ամենայնի՝ Հայաստանը շարունակում է Վրաստանում մեր երկրի դեսպանի պաշտոնի համար պնդել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի թեկնածությունը, ինչը հանդիպում է Թբիլիսիի դիմադրությանը, որտեղ Մինասյանին համարում են ռուսական կողմի թեկնածու: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում համարում են, որ Հայաստանը՝ Մոսկվայի հետ համաձայնեցված, թիկունքից հարվածում է հարևանին: Երկրորդ պատճառն այն է, որ Աբխազիայի ԱԳ նախարարին Ղարաբաղում ընդունում են՝ դրանով անուղղակի ուղերձ հղելով Թբիլիսիին, որ հայկական կողմը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, աբխազ պաշտոնյան ֆորմալ առումով ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հյուրն է, սակայն բոլորին է հայտնի, որ Արցախի իշխանությունները զուրկ են որևէ ինքնուրույնությունից և ոչինչ չեն անում առանց Երևանի իմացության:
Որն էլ լինի հայ-վրացական ներկայիս լարվածության պատճառը՝ պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական խողովակներով արագ շտկի իրավիճակը, որովհետև Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են մի քանի առումով: Հայ- վրացական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը վերջնականապես հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում, Վրաստանը միակ ճանապարհն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ և, ըստ էության, այն բացառիկ հարթակն է, որն ավելի կենսունակ է դարձնում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:
Նույն կերպ` Հայաստանի հետ բնականոն հարաբերությունները բխում են Թբիլիսիի շահերից, և համոզված ենք, որ երկու մայրաքաղաքներում էմոցիաներն իրենց տեղը կզիջեն պրագմատիզմին:
1in.am