Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին. Թիերի Ռիբո
		30.08.2022 . Արցախ


Ղարաբաղյան հակամարտության շրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4 900 անձի՝ որպես անհայտ կորած։ 

«Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին: Երբ որևէ մեկը անհայտ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել նրա հետ։ Անհայտ կորած անձի ճակատագիրը պարզելը նախևառաջ մարդասիրական գործողություն է, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պետության պարտավորություն: Ժամանակն այս հարցում անզոր է բուժել, պատասխաններ են անհրաժեշտ։ Ուստի մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հարցում»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած իր հանձնագրին համահունչ՝ ԿԽՄԿ-ն իր փորձագիտական աջակցությունն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածաշրջանին՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ և խրախուսելով կողմերին անելու հնարավորինը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։

Այսօր Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որի նպատակն է իրազեկել կառավարություններին, համայնքներին, լրատվամիջոցներին և հանրությանը զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած անձանց խնդրի ու նրանց ընտանիքների վշտի ու կարիքների մասին։

ԿԽՄԿ-ն հարգանքի տուրք է մատուցում անհայտ կորած անձանց ընտանիքներին։