«Վրաստանի Հայրենասերների Դաշինք»-ի ղեկավարը Ախալքալաքում կուսակցական գրասենյակի բացման ժամանակ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը (տեսանյութ)

Օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին կինոյի տան շենքում բացվեց «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության գրասենյակը: Գրասենյակի բացման արարողությանը Ախալքալաքի հասարակության եւ կուսակցության տեղի առաջնորդների հետ մեկտեղ ներկա էին նաեւ կուսակցության  հիմնադիրներ Դավիթ Թարխան-Մոուրավին եւ Իռմա Ինաշվիլին:

Հիմնադիր հավաքին  ներկա էին Ախալքալաքի, Ախալցխայի եւ Նինածմինդայի շրջանային ժողովների պատգամավորներ եւ հասարակական կազմակերպություններ:

Հանդիպման ընթացքում Արմեն Ֆարմանյանը ներկայացրեց «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության Ախալքալաքի գրասենյակի անդամների անունները:

Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ Ախալքալաքում «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության գրասենյակի բացումը շատ կարեւոր քայլ է: «Մենք ծանոթացել ենք «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության ծրագրին: Այն ուղղված է մարդու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու եւ այդ իսկ պատճառով մեր բնակչությունը շատ դրական է վերաբերվում տվյալ կուսակցությանը»,-ասում է Սամվել Պետրոսյանը:

Սամվել Պետրոսյանը դահլիճում բոլոր մասնակիցների անունից խորին շնորհակալություն հայտնեց Դավիթ Թարխան-Մոուրավիին Հայոց Ցեղասպանության փաստի հանդեպ վճռական դիրքորոշման համար: Նա նաեւ մի քանի կարեւոր հարց ուղղեց Դավիթ Թարխան-Մոուրավիին:

Սամվել Պետրոսյանի առաջին հարցը Դավիթ Թարխան-Մոուրավիին  վերաբերվում էր ջավախքցիների համար երկքաղաքացիություն ստանալու թույլտվության հարցին: Երկրորդ հարցը վերաբերվում էր ֆինանսական բանկերի գործունեությանը, որոնք մեծ տոկոսով վարկեր են տրամադրում բնակչությանը: Երրորդ հարցը վերաբերվում էր պարտադիր զինվորական ծառայության  հետաձգման վարձի գումարի նվազեցման անհրաժեշտությանը, որը ներկա պահին կազմում է 3000 լարի եւ բացասական է ազդում Ջավախքի ժողովրդի բյուջեին: Չորրորդ հարցը վերաբերվում էր տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային վավերացման կարեւորությանը: Եւ հինգերորդ ու վերջին հարցը վերաբերվում էր նրան, որ այսօր փաստացի խախտվել է Վրաստանի խորհրդարանում հայ եւ ադրբեջանցի պատգամավորների թվաքանակի հավասարության հարցը ի օգուտ ադրբեջանցիներին, ինչի վտանգի մասին Սամվել Պետրոսյանը բարձրաձայնել է Վրաստանի խորհրդարանում իր պատգամավորության ժամանակ:

Կուսակցության ակտիվիստներից Նորիկ Կարապետյանի խոսքերով՝ այսօր իրենց հիմնական նպատակն է տեղական ինքնակառավարման մարմիններում փոփոխություն մտցնելը, քանզի նրա կարծիքով իշխանությունը լճացման փուլում է:

«Ի՞նչու համար մենք ընտրեցինք այս կուսակցությունը եւ ձեզ հետ միասին ի՞նչու ենք մենք կանգնած այս կուսակցության կողքին: Մենք այն ուժերն ենք, որոնք պարոն Պետրոսյանի գլխավորությամբ 90-ական թվականից  առ այսօր միասին ենք եղել եւ ես ասեմ, որ մենք ունեցել ենք ձեռքբերումներ, սխալներ եւ բնականաբար թերացումներ մեր գործունեության մեջ: Եւ պետք է ասեմ, որ վերջին այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը հայտարարել էր, որ հետամուտ է լինելու Հայոց Ցեղասպանության ճանաչման գործին»,-ասում է «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության անդամ Ստեփան Հակոբյանը:

Դավիթ Թարխան-Մոուրավին  իր ելույթում վերահաստատեց այն փաստը, որ նա եւ նրա կուսակցությունը ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Նա նաեւ նշեց, որ նույնը թուրքերը իրականացրել են ցեղասպանություն շատ այլ ժողովուրդների հանդեպ, ինչպես նաեւ վրացիների: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի եւ Ախալցխայի նկատմամբ: Դավիթ Թարխան-Մոուրավիի կարծիքով Վրաստանի տարածքների 33 տոկոսը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Նրա խոսքերով՝ Հայոց Ցեղասպանությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ եւ այս առումով պետք է տանել գրագետ աշխատանք բացատրելու նրանց այդ ամենը:

Անդրադառնալով հաջորդ հարցին Դավիթ Թարխան-Մոուրավին  ասեց, որ նրանք չեն կարող անել այնպես, որ դպրոցները լինեն ոչ վրացական, սակայն տվյալ դպրոցներում պետք է սովորեն ոչ միայն հայոց լեզուն, այլ նաեւ հայկական պատմությունն ու մշակույթը: Որպեսզի մարդ չդադարի լինել հայ, բայց նույն ժամանակ սովորի վրացական լեզուն եւ մշակույթը:

«Հասկանում եք, եթե բոլոր փաստաթղթերը տպվեն հայերեն լեզվով, ապա մենք պետք է դա անենք նաեւ ադրբեջաներեն լեզվով, հունական եւ այլն: Պետության համար դա շատ դժվար է: Երկրորդ խնդիրը նրանում է, որ, եթե լինենք անկեղծ, ապա վրացական պետությունը վախենում է անջատողականությունից»,-ասում է Դավիթ Թարխան-Մոուրավին: Նրա կարծիքով՝ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ:

Նույն համատեքստում կուսակցության առաջնորդը պատասխանեց նաեւ Վրաստանի կողմից երկքաղաքացիության ընդունման հեռանկարին:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Դավիթ Թարխան-Մոուրավին  ասաց, որ Վրաստանը պետք է ունենա սառը հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի, որ Թուրքիան մշտապես զբաղվել է ուրիշ երկրների հողերի յուրացումով: Նրա խոսքերով՝ Թուրքիայում 27 անգամ տեղի է ունեցել քրդերի Ցեղասպանություն, եւ այդ իսկ պատճառով նա համարում է, որ տվյալ պետությունը շատ ագրեսիվ է եւ վտանգավոր է Վրաստանի համար:

Վերջում կուսակցության առաջնորդը անդրադարձավ եւ համաձայնեց Սամվել Պետրոսյանի կողմից բարձրաձայնած սոցիալական հարցերի լուծման տարբերակին:

Akhaltskha.net