Քնեսեթում մանդատների քանակով 2-րդ կուսակցությունը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Քնեսեթում մանդատների քանակով 2-րդ կուսակցությունը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

 Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդըհայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության:

«Այս պահից ի վեր մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և սատարենք քրդական պետության ստեղծմանը: Իսրայելը պետք է անի այն ամենն, ինչը չէր անում Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար»,-հայտարարել է կուսակցության առաջնորդը, որը մանդատների քանակով երկրորդն է Քնեսեթում, հայտնում է Rusarminfo-n:

Ըստ Լապիդի, եկել է ժամանակը գիտակցելու, որ Թուրքիայի հետ բարեկամությունն անցյալում է և արդեն հնարավոր չէ վերականգնել:

Հուլիսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը վնասում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդականների խորհրդանիշին՝ Ալ Աքսա մզկիթին, ինչն էլ ավելի է խորացնում հրեաների և արաբների առճակատումը: Իսրայելի ԱԳՆ-ն խիստ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Երուսաղեմի և Ալ Աքսա մզկիթի մասին՝ անվանելով այն անհեթեթ ու սխալ: