Լեզուն մեր ինքնության պահպանման վերջին սահմանագիծն է
Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 14-ին ընդունվել է օրենք, որի մեջ կա մի մի տարօրինակ կետ, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ այն պետությունների քաղաքացիները, որտեղ ռուսերենը համարվում է պետական լեզու ունեն թույլտվություն Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել իրենց երկրի ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ Հետեւաբար Հայաստանի քաղաքացիները, չնայած նրան, որ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ են, չունեն իրավունք Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ վարորդական իրավունքներով աշխատելու:
Այս առումով Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական կարգավիճակ տալ ռուսերեն լեզվին: Պետդումայի խոսնակ ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանի տարածքում հնարավոր կլինի ճանաչել հայաստանյան վարորդական իրավունքները:
Իրականում դժվար է տրամաբանել թե ինչ կապ ունի այդ հարցը մյուսի հետ, սակայն մեկ բան պարզ է ցանկացած մարդու համար, որ այդ կերպ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Հայաստանում անել այն, ինչ ժամանակին փորձել են անել արաբները, հույները, պարսիկները եւ թուրքերը: Բոլորի նպատակը մեկն էր հայերին օտարացնել իրենց լեզվից ու կրոնից: Հայոց պետությունից բազմիցս ենք լսել, որ մեր ազգային դիմագծի գոյությամբ պարտավոր ենք մեր հարուստ հայոց լեզվին, որը համարվում է աշխարհի ամենահին լեզուներից մեկը: Մեր թշնամիների, հակառակորդների ու «բարեկամների» նպատակը միշտ էլ եղել է մեր լեզվի ոչնչացումը: Նրանք բոլորը լավ են գիտակցում, որ հենց լեզվի մեջ է մեր գոյատեւման գաղտնիքը ու հենց լեզուն է սկզբնաղբյուրը հայկական մտածողության:
Այդ իսկ պատճառով մենք հայերս ամեն կերպ պետք է պաշտպան կանգնենք մեր մայրենի լեզվին ու պետք է հասկացնենք բոլորին, որ լեզուն այն սահմանն է, որից այն կողմ մենք չենք զիջելու ոչ մեկին լինի դա Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ թե այլ գերտերություն:
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների հետ միասին պարտավոր է Ռուսաստան իշխանությունների հետ աշխատանք տանել, որ տվյալ երկրում բացվեն հայկական դպրոցներ, ինչպես դրանք կան օրինակի համար Վրաստանում ու Պարսկաստանում: Ահա ինչի վրա պետք է հրավիրեն Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի ուշադրությունը:
Պետք է փաստել, որ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի տվյալ հայտարարությունը եղավ մեր թուլության պատճառով: Չնայած նույն ժամանակ պետք է խոստովանել, որ Հայաստանից Վոլոդինի խորհրդի կապակցությամբ արվեցին ճիշտ եւ կտրուկ հայտարարություններ:
Սակայն ցավով պետք է արձանագրել, որ ամեն ինչի շուրջ մենք չունենք նման արձագանք: Շատ հաճախ լռում ենք երբ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնությունը խախտելով մեր հանդեպ ունեցած իր ռազմական պարտավորությունները նոր զինատեսակներ է մատակարարում մեր հակառակորդին, որի հետ ՀՀ-ն չավարտված պատերազմական դրության մեջ է գտնվում: Լռում ենք, երբ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումը համարվող Հայոց ազգային բանակի հիմքի վրա ստեղծում են Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ զորախումբ, որը դժվար թե օգտագործվի Արցախում հնարավոր պատերազմի պարագայում: Եւ շատ ուրիշ կարեւոր հարցերի շուրջ ենք լռում, որոնք կամաց-կամաց թուլացնում են մեր ինքնիշխանությունը ու պետականության հիմքերը:
Օրինակ ինչի՞ համար Ռուսաստանի քաղաքացին ունի իրավունք Հայաստան մտնելու ներքին անձնագրով եւ նույն ժամանակ ՀՀ-ի հարեւան ազգությամբ հայ ջավախքցին չունի նման իրավունք, այն դեպքում երբ նույն ջավախքցին ներքին անձնագրերով իրավունք ունի մեկնելու Թուրքիայի Հանրապետություն: Սա եւս փոքրիկ մի ապացույց է, որ շատ հարցերում մեզ պակասում է ազգային մտածողություն:
Խնդիրը նրանում է, որ մենք եթե դարեր առաջ ունեինք պարսկամոլ կամ հունամոլ հայեր, ապա այսօր ունենք ռուսամոլ, ամերիկամոլ կամ եվրոպամոլ հայեր: Ոմանք փողի պատճառով են օտարամոլ դարձել: Ոմանք էլ անկեղծ հավատում են օտարների փրկարար առաքելությանը: Սակայն ունենք ինչ ունենք ու դրանից տուժողը միշտ էլ եղել է մեր ժողովուրդը:
Խնդիրը այսօր ոչ այնքան օտարի մեջ է, որքան մեզանում: Մենք չափազանց մեծ դեր ու տեղ ենք տվել օտարին եւ այսօր զարմանում ենք թե ինչու օտարը մեզ չի հարգում: Կարիք չկա ուշացումով կտրուկ քայլերի դիմել վնասելով մեր երկրի խաղաղությունը, սակայն նույն ժամանակ հարկավոր է բազմաթիվ հարցերում կտրուկ դիրքորոշում ունենալ, որ մեզ հետ չվարվեն հպատակների պես: Այդ ժամանակ դաշնակիցները կլինեն դաշնակիցների պես եւ ոչ թշնամիների, իսկ թշնամիները չեն կարողանա օգտվել մեր «դաշնակիցների» բարեկամությամբ ինչպես դա այսօր է:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն