Ազգային խտրականություն թե անլիարժեքության բարդույթ
Արդեն չորրորդ տարին է, ինչ Ախալցխայի քաղաքապետարանը հունիսի 30-ին երեք հոգու շնորհում է պատվավոր քաղաքացու կոչում: Երեք տարի անընդմեջ ինչ գոյություն ունի տվյալ նախաձեռնությունը ոչ մի հայ ոչ միայն չի արժանացել տվյալ կոչմանը, այլ նաեւ չի ընդգրկվել թեկնածուների շարքում:
Հունիսի սկիզբ Ախալցխայի քաղաքապետարանում ստեղծվեց հատուկ 26 անդամից բաղկացած հանձնաժողով, կազմված քաղաքապետարանի աշխատակիցներից, քաղաքային խորհրդի պատգամավորներից եւ հասարակական կազմակերպություններից, որոնք որոշելու էին թե այս տարի ում են շնորհելու «Պատվավոր Ախալցխացու» կոչումը: Հարկ է նշել, որ հանձնաժողովի 26 հոգուց միայն մեկն էր ազգությամբ հայ, որը հավանաբար հասկանալի պատճառներով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքին: Տվյալ կազմում նաեւ չի եղել ընդգրկված ոչ մի հայկական կազմակերպության ներկայացուցիչ:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էր տվյալ հանձնաժողովի անդամներին եւ քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյին պահանջով, որ այս տարի Ախալցխայի հայ քաղաքացիներից մեկին շնորհեն Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում: Սակայն ակնհայտ էր, որ ոչ համաչափ կազմված հանձնաժողովը չէր ընդունելու նման որոշումը:
Ելնելով այս ամենից կարելի է փաստել, որ Ախալցխայում որոշ քաղաքական գործիչներ հայերի փառավոր անցյալի հետեւանքով ունեն անլիարժեքության բարդույթ եւ այդ իսկ պատճառով ամեն կերպ ձգտում են անտեսել քաղաքի հայ հասարակությանը, որը տվել է Շառլ Ազնավուր, Լուսինե Զաքարյան, Հռոմի պապի պաշտոնից հրաժարված Կարդինալ Աղաջանյան, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, Պիոն Հակոբյան, Կարպ Խաչվանքնան եւ շատ ու շատ ուրիշ հանճարներ, որոնք մեր քաղաքի պարծանքն են համարվում:
Բավական է միայն փաստել այն պատմական իրողությունը, որ 1918թ. Ախալցխայի քաղաքապետ Զորի Զորյանի շնորհիվ Ախալցխան կազմակերպեց հիանալի ինքնապաշտպանություն եւ քաղաքը չհանձնվեց թուրքերին: Եւ այդ նույն Ախալցխայում 100 տարի անց հայերը չեն արժանանում ինչ որ ֆորմալ կոչման, որը իրականում ոչ այնքան հայերին է պետք, որքան հայերին ինտեգրել ցանկացող Վրաստանի իշխանություններին:
Ամենայն հավանականությամբ Վրաստանի կենտրոնական իշխանությունները ոչ էլ տեղյակ են թե ինչ է այդ առումով արվում Ախալցխայում, ինչից շատ հաճախ օգտվում են որոշ տեղական իշխանության ներկայացուցիչներ, ովքեր հավանաբար ինքնահաստատվել են ցանկանում նման «հայրենասիրական» գործերով: