Կարեն Գալստյան. Հայաստանի, թե Վրաստանի իշխանությունների կողմից երկրի սեփական շահերի ու վտանգների գիտակցման խնդիր կա

Կարեն Գալստյան. Հայաստանի, թե Վրաստանի իշխանությունների կողմից երկրի սեփական շահերի ու վտանգների գիտակցման խնդիր կա

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com—ի, Akhaltskha.Net—ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններումզրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակականգործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր հյուրն է ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբի Անալիտիկ Ծառայության ղեկավար, Հայդուկի միության լրատվական ծառայության ղեկավար՝ Կարեն Գալստյանը:

Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլշրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճիվերաբերյալ.

Վրաստանում թուրքական գործոնի աճի հիմքերը և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ: Դրանք կրում են և քաղաքական, և տնտեսական բնույթ: Մի կողմից Վրաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից Թուրքիա տարանցիկ գնացող էներգակիրները և տրանսպորտային ճանապարհներն ապահովում են Վրաստանի բյուջեի որոշակի եկամուտ և դրանցից օգտվելու ու դրանք, որպես լծակ, օգտագործելու հնարավորություն, ապահովելով նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացիա,   մյուս կողմից սեփական էներգակիրներ չունենալու հանգամանքը և ռուսական էներգակիրների բարձր գինը Վրաստանին լրիվ կախվածության մեջ է դրել ադրբեջանա-թուրքական տանդեմից:

Տնտեսության ոչ այնքան զարգացած լինելը, գործազրկության որոշակի մակարդակը և բիզնեսի զարգացման համար բավականին գրավիչ օրենսդրության առկայությունն ու դրա ճիշտ կիրառումը հնարավորություն են ստեղծել թուրքական և ադրբեջանական բիզնեսին, խոշոր ներդրումներ անելով վրացական տնտեսության մեջ, որոշակի սեկտորում տնօրինություն անել:

Մյուս կողմից Վրաստանի վախը հանդեպ Ռուսաստանի նվաճողական քաղաքականության, և հատկապես 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետևանքները, Վրաստանին մղում են դեպի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, նպատակ ունենալով ապահովել սեփական անվտանգությունը, ինչը ևս Թուրքիային հնարավորություն է տալիս, չարաշահելով այդ փաստը, իր ազդեցությունը տարածել Վրաստանի քաղաքական և տնտեսական դաշտի վրա, դրանով լուծելով նաև հեռակա ստրատեգիական խնդիրներ՝ դեպի արևելյան թյուրքական պետությունները ճանապարհ բացելու առումով: Եվ, քանի որ վերջին շրջանում Թուրքիան մեծ խնդիրներ ունի Արևմուտքի  և իր մյուս անմիջական հարևանների հետ, գնում է առավել փոքր դիմադրության ճանապարհով:  Եվ սա շատ լուրջ վտանգ է և Հայաստանի Հանրապետության, և ջավախահայության համար: Այն սպառնում է իրականացնել ՀՀ-ի գրեթե լիակատար շրջափակում՝ հայության համար խիստ կանխատեսելի հետևանքներով:

Ինչպե՞ս կարելի է հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ևհատկապես Սամցխե—Ջավախքում.

Ջավախահայության համար այս վտանգին հակազդելու լավագույն տարբերակն ըստ ինձ Վրաստանի քաղաքական կյանքին առավել մեծ մասնակցություն ունենալն է, իշխանության տարբեր մարմիններում ներկայացված լինելը, որպեսզի քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ձեռք բերել: Գաղտնիք չէ, որ, բացի արտաքին խոչընդոտներից, ջավախահայության պարագայում գոյություն ունի նաև որոշակի ինքնամեկուսացում Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքից: Դա պետք է առաջին հերթին հաղթահարվի, պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, ի վերջո ջավախահայերը Վրաստանի լիարժեք քաղաքացիներ են, այլոց նման: Այստեղ պետք է օգտագործել նաև տնտեսական բոլոր հնարավոր լծակները, այդ թվում Սփյուռքի, սակայն անմիջական մասնակցությունը քաղաքական բոլոր պրոցեսներին առաջնահերթ է:

Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ, որպեսզիհակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե—Ջավախքում.

ՀՀ իշխանությունն առաջին հերթին պետք է ձգտի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ բոլոր ոլորտներում՝ռազմական, տնտեսական / Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազամուղ և այլն/ բարիդրացիական հիմքերով՝ բացառելով երրորդ պետությունների միջամտությունն այդ հարաբերություններին, համագործակցի Վրաստանի հետ միջազգային կառույցներում փոխադարձ շահավետ հիմքերի վրա: Զուգահեռ աջակցի Ջավախահայությանը տնտեսական, կրթական և այլ ոլորտներում, խթանի նրանց ներգրավումը Վրաստանի հասարակական կյանքին:

Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի Հայկականկազմակերպությունները հակազդելու համար թուրքական ակտիվությանը.

Ես արդեն վերևում նշեցի, որ Ջավախքի հայկական կազմակերպություններն ամեն ինչ պիտի անեն, որպեսզի կարողանան մաս դառնալ Վրաստանի քաղաքական իշխանության, բոլոր մակարդակների վրա, և ազդեցություն ունենան Վրաստանում քաղաքական որոշումների կայացման վրա:

Մի արատավոր խնդիր եմ ուզում բարձրաձայնել: Վերջին 10 տարիների ընթացքում Ջավախքի բնակչության որոշակի զանգված կազմակերպված մասնակցում է ՀՀ-ում իշխանության կողմից ընտրությունների կեղծման պրոցեսին: Դրա մասին շատ է գրվել, ասվել, սակայն այդ պրոցեսը շարունակվում է՝ խիստ դժգոհություն առաջացնելով Հայաստանաբնակ հայերի մոտ: Ջավախքի հայկական կազմակերպություններն ամեն ինչ պիտի անեն այդ երևույթը կանխելու համար և այդ հարցում համագործակցեն Հայաստանյան հասարակական և քաղաքական շահագրգիռ կառույցների հետ:

Ձեր կարծիքով արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանիիշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

Այստեղ թե Հայաստանի, թե Վրաստանի իշխանությունների կողմից երկրի սեփական շահերի ու վտանգների գիտակցման խնդիր կա: Կարծում եմ, երկուսն էլ դեռ թերագնահատում են այդ վտանգը:

Արդյոք չե՞ք կարծում, որ Սամցխե—Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներկարող են ավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանիիշխանությունները լիարժեք գիտակցեն թուրք—ադրբեջանականքաղաքականության վտանգը մեր շրջանում.

Չեմ կարծում: Ջավախքի հայությանը հուզող խնդիրները շատ ավելին են և այստեղ ամենօրյա աշխատանք է պետք և հենց ջավախահայության, և Վրաստանի իշխանությունների, և ՀՀ իշխանությունների, և Սփյուռքի կողմից:

 

ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբի Անալիտիկ Ծառայության ղեկավար, Հայդուկի միության լրատվական ծառայության ղեկավար՝ Կարեն Գալստյան