Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Ախալցխայում
Ախալցխայում Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները սկսվեցին մարտական տեխնիկայի ցուցահանդեսից: Այն մեկնարկեց առավոտյան ժամը 8:00-ից եւ տևեց մինչև երեկոյան 17:00-ն: Ռաբաթիի բերդի տարածքում ներկայացված էր տեղի նկարիչների, արհեստագործների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդեսը:
Տոնի առիթով տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Երազում կորցրած գլխարկի պատմություն» ներկայացումը: Անցկացվեցին մրցումներ տարբեր մարզաձեւերում այդ թվում ըմբշամարտ, շախմատ, նարդի և բազկամարտ: Քաղաքում կազմակերպվեց հեծանվորդների մրցույթ ինչպես նաեւ մոտոցիկլիստների կողմից պատրաստված ցուցադրություն:
Ախալցխայի Մոտո ակումբի տնօրեն Արթուր Բալասանյանի խոսքերով իրենք օրվա առիթով քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրով:
Այս ամենի հետ մեկտեղ կազմակերպված էր նաև ազգային իրերի (գորգեր, զենք, կավե իրեր, լապտերներ) ցուցահանդես-վաճառք: Մանուկների համար գործում էր հատուկ ժամանցի տարածք, որտեղ անցկացվեցին տարբեր մրցույթներ: Բերդի ամբողջ տարածքը առանց տոմսի բաց էր բոլոր ցանկացողների համար:
Տոնական օրը եզրափակվեց Գալահամերգով: Համերգի ավարտին տեղի ունեցավ տոնական հրավառություն: