Տեսադիտման համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի հնարավորությունները
Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղադրված տեսադիտման համակարգերը առաջնագիծը հաջողությամբ ու արդյունավետ վերահսկելու հնարավորություն են ընձեռում։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։
Նրա խոսքով՝ այդ համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի՝ հակառակորդի տեղաշարժը տեսնելու եւ վերահսկելու հնարավորությունը։ «Տեսադիտման սարքերի տեղադրման գործընթացը դեռ շարունակվում է, քանի որ դրանք բավականին բարդ համակարգեր են՝ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Հսկայական աշխատանք է արդեն տարվել։ Դրա նպատակն է շփման գծում հակառակորդի տեղաշարժերն ավելի վերահսկելի դարձնելը, եւ, երկրորդ, մեր զինծառայողների ծառայությունն ավելի անվտանգ դարձնելը»,-նշել է Այվազյանը։ Նա նաեւ հավելել է, որ բանակցություններ են տարվում շատ պետությունների ու կազմակերպությունների հետ՝ այդ սարքավորումների կատարելագործման ուղղությամբ։
news.am