Մեծ Բրիտանիան ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար
Մեծ Բրիտանիան ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար՝ տեղեկացրել են Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ֆինանսավորումը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հնարավորություն կտա` փորձագիտական խորհրդատվությամբ և վարժանքներով օգնել արդյունավետ ականազերծման հարցում:
«Մեծ Բրիտանիայի այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձը, նվազեցնել ռիսկերը քաղաքացիական բնակչության կյանքի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, և մարդկանց հնարավորություն կտա վերադառնալու իրենց կյանքին»,- նշել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլին:
Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ստորագրելու ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք ուղղված են ցամաքային ականների և կասետային զինամթերքի կիրառման վերացմանը:
«Մենք իշխանություններին հորդորում ենք ապահովել պայմաններ, որ ՄԱԿ-ը և մարդասիրական հաստատությունները կարողանան համապարփակ ներդրում կատարել տարածաշրջանի բոլոր հատվածներում խաղաղության և զարգացման աջակցության համար»,- հավելել է Քլեվերլին: