Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին ԱՄՆ-ից. սենատոր Ջոն ՄքՔեյնի կոչը թուրքամետ խմբի հարձակումից հետո

Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կոչ է արել երկրից արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին` չհանդուրժելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում թուրքամետ խմբի իրականացրած հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակմանը մասնակցել են նաև Էրդողանի անվտանգության թիմի անդամները:

«Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին Միացյալ Նահանգներից: Նման արարքը չի կարող անպատասխան մնալ դիվանագիտական առումով», – հինգշաբթի ասել է սենատորը, որը ղեկավարում է Սենատի` Զինված ծառայությունների հանձնաժողովը: Նա հավելել է, որ պետք է հետամուտ լինել նաև իրավական գործողությունների:

ՄքՔեյնն ավելի վաղ թվիթերյան գրառում էր կատարել` տեղի ունեցածն անվանելով «բանդիտական վարքագիծ»:

Նախօրեին մի շարք հանրապետական սենատորներ, որոնց թվում` Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնը և Մայք Լին, նույնպես դատապարտել էին ցուցարարների հանդեպ իրականացված դաժան հարձակումը:

Սենատոր Բեն Քարդինը ևս կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել: «Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի, հավանաբար նրանք մոռացել են` մենք անքակտելի իրավունքներ ունենք այս երկրում», – թվիթերյան էջում գրառել է սենատորը:

Tert.am