ԱԳ նախարարը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
		15.06.2022 . Արցախ


Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ: 

Նախարար Միրզոյանը և Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական կապերի, փոխադարձ համակրանքի ու վստահության վրա։ Ընդգծվել է Բուլղարիայում հարյուրամյակներ շարունակ գործող հայ համայնքի զգալի դերը հայ-բուլղարական կապերի ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն՝ այդ առումով նշելով պատգամավորական խմբերի միջև շփումների և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համար առկա է ավելի քան 60 փաստաթուղթ ներառող հարուստ իրավապայմանագրային հենք:

Նախարար Միրզոյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների զարգացումները։ Կողմերը համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր համապարփակ լուծումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ 

ՀՀ ԱԳ նախարարը նաև առանձնահատուկ ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։