Բնակարանային կարիք ունեցող տեղահանված անձանց ամսական աջակցություն տրամադրելու ծրագիր կմշակվի. Արցախի նախագահ

Բնակարանային կարիք ունեցող տեղահանված անձանց ամսական աջակցություն տրամադրելու ծրագիր կմշակվի. Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը: 

 

«Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, Արցախի և Հայաստանի Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը:

 

Թեմայի շուրջ վերջին օրերին անց եմ կացրել շահագրգիռ քննարկումներ, այդ թվում՝ հարցը ներառել էի երեկ՝ մայիսի 12-ին, անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40 000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով:

 

Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Համոզված եմ՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024 թ. վերջ) կավարտենք մեզ համար կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ մեր հայրենակիցները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը»,- նշված է գրառման մեջ: