Բեռլինի ոստիկանությունը ցուցարարներից առգրավել է Ուկրաինայի դրոշը 09.05.2022 . Միջազգային
Բեռլինի ոստիկանությունը 25-մետրանոց ուկրաինական դրոշն առգրավել է ցուցարարներից, որոնք կիրակի եկել էին Տիրգարտեն զբոսայգի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ գրում է Euronews-ը։
Ավելի վաղ Գերմանիայի մայրաքաղաքի իշխանությունները սահմանափակել էին ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական խորհրդանիշների ցուցադրությունը՝ ներառյալ զինվորական համազգեստը և երգերի կատարումը, բախումներից խուսափելու համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը սխալ է համարել ուկրաինական խորհրդանիշները ռուսականի հետ նույնացնելու՝ Գերմանիայի իշխանությունների որոշումը, իսկ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը նման քայլն անվանել է «ապտակ»։
Սակայն քաղաքային իշխանությունները հրաժարվել են հանել արգելքը՝ ընդգծելով, որ այն վերաբերում է միայն հուշահամալիրներին, ոչ ամբողջ Բեռլինին: Բացի դրանից՝ բացառություն է արվում վետերանների, դիվանագետների և պաշտոնական պատվիրակությունների համար։
Այս ֆոնին Քյոլնում երկու ցույց է տեղի ունեցել՝ և՛ ի պաշտպանություն Ուկրաինայի, և՛ ի պաշտպանություն Ռուսաստանի ու ընդդեմ արևմտյան զենքի մատակարարման։