Հունգարիայի վարչապետը Ռուսաստանից էներգակիրների ներմուծման էմբարգոն համեմատել է ատոմային ռումբի հետ

Հունգարիայի վարչապետը Ռուսաստանից էներգակիրների ներմուծման էմբարգոն համեմատել է ատոմային ռումբի հետ


Ռուսաստանի էներգառեսուրսների նկատմամբ Եվրամիության էմբարգոն հունգարական տնտեսության համար հավասարազոր կլինի ատոմային ռումբի: Նման համեմատություն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է Reuters-ը։

Երկրի նախարարների կաբինետի ղեկավարը մանրամասնել է, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ սահմանափակումները կարմիր գիծ են Բուդապեշտի համար։

Օրբանը հավելել է, որ հունգարական կողմը պատրաստ կլինի քննարկելու այս հարցի վերաբերյալ նոր առաջարկներ, եթե դրանք համապատասխանեն երկրի շահերին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում Հունգարիայի վարչապետը նշել է, որ իր երկիրն ու Եվրամիությունն ընդհանուր առմամբ պատրաստ չեն ընդունելու ռուսական նավթի էմբարգոն։

Վիկտոր Օրբանի խոսքով՝ նման քայլ անելուց առաջ հարկավոր է էներգակիրների մատակարարման այլընտրանքային ենթակառուցվածք արդիականացնել։ Նա նշել է, որ եթե Բրյուսելը պահանջի ռուսական նավթի էմբարգոն, ապա այն պատմական ձախողում կկրի եվրաինտեգրման հարցում։

Բուդապեշտը նաև հրաժարվել է աջակցել Ռուսաստանի հոգևոր առաջնորդների դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ առաջարկներին։ Երկրի կառավարության ղեկավարը մանրամասնել է, որ Հունգարիան չի աջակցի պատրիարք Կիրիլի ընդգրկմանը ԵՄ պատժամիջոցների ցանկում։