Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները


Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: 

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրակացվող բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները:

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։