«Ազովստալ» գործարանից տարհանվում են խաղաղ բնակիչները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նախօրեին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հաջողվել է տարհանել «ուկրաինացի ազգայնականների կողմից պահվող» 80 քաղաքացիական անձի, այդ թվում՝ կանանց և երեխաների՝ հաղորդում է РИА Новости-ն:
«Տարհանվածները տեղափոխվել են Բեզիմեննոյե գյուղ։ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող շրջաններ մեկնել ցանկացողներին էլ հանձնել են Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Խաղաղ բնակիչների տարհանման համար հայտարարվել է լռության ռեժիմ»,- ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Կիևը հայտարարել է, որ գործարանի տարածքում դեռևս հարյուրավոր քաղաքացիներ կան, այդ թվում՝ 20 երեխա: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ տարհանման գործընթացը կանգ չի առնի։
ՄԱԿ-ից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, որ շարունակում են մասնակցել «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանման գործողությանը։