Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը:

«1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ: 

Դեռևս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում  1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել:

 Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ  հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ մշակած  և 1948թ. ՄԱԿի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:

 Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆի 50 նահանգներից 47ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն:

 Մենք՝ Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը», -ասված է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների` խորհրդարանին, Վրաստանի նախագահին և վարչապետին ուղղված դիմումի մեջ:

Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական կազմակերպությունները արդեն 12-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ.ի Ցեղասպանության փաստի` Վրաստանի կողմից պաշտոնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազում դիմումներին, Վրաստանի իշխանությունն ամեն կերպ անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի ավելի քան 6% կազմող իր քաղաքացիների կամքը:

1915-23թթ. Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են՝

Վրաստանի Հայ Համայնքը

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսավորչական Կենտրոնը

Պ. Ադամյանի անվամբ Թբիլիսիի պետական Հայկական դրամատիկական Թատրոն

«Վրաստան» թերթ՝ Վիրահայերի Միություն

«Խաղախության հիմնադրամ»  Սամվել Պետրոսյանը

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ

Ախալցխաի Երիտասարդական Կենտրոն

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական Միություն

 

Վրաստանի Հայ Համայնքի Մամլո Դիվան