Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Ռուսաստանում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

Ադրբեջանական haqqin և minval.az լրատվական կայքերը Ռուսաստանի տարածքում այլևս հասանելի չեն: Այս հարթակների գործունեությունը սահմանափակել է Ռուսաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դիտարկող դաշնային ծառայությունը՝ Գլխավոր դատախազության պահանջով: Պատճառը, ինչպես նշում է ռուսական կողմը, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կայքերում հակառուսական լուրերի տարածումն է:

Հայրիկ Սուքիասյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) — Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն էլ ֆինանսավորվում են իշխանական կամ իշխանամետ աղբյուրներից, կարելի է նշել, որ դրանք որոշակիորեն պաշտոնական դիրքորոշումներ են:

Արգելափակված կայքերն, ինչպես և սպասվում էր, հերքել են ներկայացված մեղադրանքները` շտապելով ռուսական կողմին մեղադրել ճշմարտությունը թաքցնելու փորձի համար: Սակայն ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց ոչ միայն խոստովանել է հակառուսական ուղղվածությունը, այլև անկեղծորեն ներկայացրել պատճառը:

Հայրիկ Սուքիասյան — Այնտեղ նշված էր, որ իրենց հակառուսական տրամադրվածությունը պայմանավորված է Ռուսաստանի՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայերին օգնելով:

Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը հենց առաջին օրվանից դժգոհությամբ ընդունվեց Բաքվում: Ադրբեջանի հարցերի փորձագետը նկատում է` նաև այս պատճառով է, որ իշխանությունը գաղտնի ֆինանսավորում է Ռուսաստանի դեմ բողոքի ակցիաները, թեև Ուկրաինայում ընթացող գործողությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններից Բաքվում սովորաբար խուսափում են:

Հայրիկ Սուքիասյան — Ադրբեջանում ոչ պաշտոնական մակարդակում, բայց պաշտոնական հովանավորությամբ տեղի է ունենում հակառուսական տրամադրվածության բարձրացում: Ուկրաինայի իրադարձությունը լավ առիթ էր այդ տրամադրությունն ավելի բաց արտահայտելու համար, դրա մասին խոսում են բազմաթիվ գրառումները սոցիալական ցանցերում, միջոցառումների կազմակերպումները:

Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները թափ են հավաքում, և մասնագետը չի բացառում, որ ռուսական նոր սահմանափակումները դեռ կհամալրվեն: Չի բացառվում, որ կավելանան նաև արգելափակված ադրբեջանական լրատվամիջոցների թիվը: