Նինոծմինդայում, տեղի ունեցավ «Հայկական գաթայի» փառատոն
Մարտի 22-ին՝ այս տարվա «Միջինքի» օրը, հոծ բազմություն էր հավաքվել սբ. Սարգիս եկեղեցում, գավթում և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում:
Դեռ նախորդ օրը այստեղ էին բերվել մրցույթին ներկայացված գաթաները, որոնք շարականների ուղեկցությամբ հասցվեցին եկեղեցի: Այստեղ շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը օրհնեց գաթաները, նրանց «հեղինակներին» և ներկաներին:
Տոնախմբությունն սկսվեց «ՌՋ» կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր լավագույն գաթաները, երգչախումբը և կենտրոնի պարային համույթը բացօթյա գողտրիկ համերգ տվեցին հանրության համար:
Փառատոնին առաջին պատվավոր հորիզոնականը գրավեց Սահականույշ Ղարսլյանը, երկրորդ հորիզոնականը գրավեցին Ազա Գոքորյանը և Անգելինա Սանոսյանը, իսկ երրորդ հորիզոնական միմյանց միջև կիսեցին Գայանե Իրիցյանը, Անահիտ Սահակյանը և Պերճանուշ Կիրակոսյանը: Հաղթողներն ստացան դիպլոմներ և թանկարժեք նվերներ:
Հանդիսույթը վարեց Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:
«ՌՋ» կենտրոնի մամլո դիվան