ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային, սակայն Ռուսաստանի դեմ չի պատերազմի. Սակի
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, քանի դեռ Կիևը մասնակցում է դրանց։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին:
«Մենք փորձում ենք աջակցել Ուկրաինային՝ տրամադրելով ոչ միայն տնտեսական և հումանիտար, այլև ռազմական մեծ օգնություն, որը, կարծում ենք, ամրապնդում է Կիևի դիրքերն այդ բանակցություններում»,- ասել է Սակին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն աշխարհում ամենաշատն է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և ընդգծել, որ այդ աջակցությունը շարունակվելու է:
Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության նվազման միտում Վաշինգտոնը չի տեսնում: Սակին վերահաստատել է, որ ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար, քանի որ «դա չի բխում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»:
Անդրադառնալով էներգակիրների խնդրին՝ Սակին նշել է, որ ակնկալվում է, որ երկրում բենզինի գները կշարունակեն աճել մոտ ժամանակներս, և ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: