Հակոբյան. Միջոցներ են ձեռնարկվել շփման գծում վտանգների կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Արցախպրեսը:

«Այս օրերի գործողությունները վերջին մի քանի տարիների զարգացումների շարունակությունն են, և հակառակորդը փորձում է իր խնդիրները լուծել այս ճանապարհով՝ ակնհայտ հասկանալով, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել չի կարող: Հրետանու կրակն ուղղված է առաջին հերթին մեզ լարված իրավիճակում պահելուն և մեր զինվորականներին վնաս պատճառելուն»,- ասել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ այն միջոցառումները, որոնք վերջին տարիներին իրականացրել է Պաշտպանության բանակը, հակառակորդին զրկել են մի շարք գործողություններից, որոնց միջոցով նրանք նախկինում հաջողություն էին գրանցում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ վերջին դիվերսիոն գործողությունների կանխումը իր ասվածի վառ ապացույցն է: «Հակառակորդը, իհարկե, վրդովված է և իր կորուստների փոխհատուցումը փորձում է այդ ձևով վերականգնել՝ դրանով իսկ փորձելով պատժել մեր զորքերին: Բոլոր դեպքերում իրավիճակը վերահսկելի է, և չկա մի այնպիսի վտանգ, որը հայկական զինված ուժերի և պաշտպանության բանակի համար այս պահի դրությամբ կանխորոշված չլինի ու համապատասխան միջոցառումներ կազմակերպված չլինեն՝ դրանց կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ»,- հավելել է Մ. Հակոբյանը: