Վրաստան-Գազպրոմ: Նոր էջ հարաբերությունների պատմության մե՞ջ
2007թ-ից Ադրբեջանը Վրաստանին փաստացի միակ գազ մատակարարողն է: Ռուսական գազը Հայաստան արտահանվող գազի ընդամենը 10% էր կազմում, դա «Գազպրոմի» վճարն էր Վրաստանին տարանցման դիմաց:
2017թ-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվեց: Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին տարանցման ծառայությունների համար վճարելու է ոչ թե հումքով, այլ փողով: Դա Ռուսաստանի պայմանն էր: Երկար տարիներ դիմադրելուց հետո Վրաստանը ստիպված էր համաձայնել: Ինչո՞ւ, հարցադրում է անում Թբիլիսին:
Վրաստանի ճանապարհը դեպի էներգետիկ անկախություն սկսվեց 2006թ-ի ցուրտ ձմռանը:
Նոյեմբերի 22-ի գիշերը լեռներում՝ Վլադիկավկազից 30կմ հեռավորության վրա, երկու պայթյուն շարքից հանեց երկու գազատար: Հենց այդ գազատարներով էր Ռուսաստանից Վրաստան գալիս կապույտ վառելիքը:
Այդ նույն օրը Կարաչաևո-Չերկեսիայում խափանվեց ելեկտրամատակարարման գիծը. Վրաստան դադարեց մտնել ռուսակսան էլեկտրաէներգիան: Թբիլիսիի մեծ մասը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում մնաց առանց լույսի և գազի: Խնդիրներ առաջացան նաև Հայաստանում, որը ռուսական գազ էր ստանում Վրաստանի տարածքով:
Վրաստանի իշխանությունները տեղի ունեցածը վանդալիզմ և դիվերսիա անվանեցին: Թբիլիսիում վստահ էին, որ Ռուսաստանն այդպիսի գործողություններով Վրաստանին ստիպում է նրա վերահսկողությանը փոխանցել իր ռազմավարական օբյեկտներն, այդ թվում՝ գազատարը: Դրանից մի քանի ամիս անց «Գազպրոմը» բարձրացրեց Վրաստանին մատակարարվող գազի գները՝ 1000 կուբամետրի դիմաց 11 դոլարից մինչև 235 դոլար: Այդպիսով ռուսական ընկերությունը Վրաստանի համար ամենաբարձր սակագինը սահմանեց ԱՊՀ տարածքում (այն ժամանակ Վրաստանը դեռ այդ կառույցի անդամ էր):
Այդ իրադարձություններին նախորդեց այսպես կոչված «լրտեսական սկանդալը» Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը տեղի ունեցավ 2006թ-ին: Ի պատասխան Վրաստանի իշխանությունների կողմից ռուսական լրտեսներին բացահայտելուն և նրանց վտարելուն նվաստացած Կրեմլը գազի գների բարձրացմանը զուգահեռ ողջ Ռուսաստանի մասշտաբով սկսեց այդ երկրում բնակվող վրացիներին հետապնդել: Իսկ ավելի ուշ էմբարգո մտցրեց վրացական գյուղատնտեսական արտադրանքի համար: Այդ իրադարձություններից ավելի քան տասը տարի է անցել: Այսօր Վրաստանը սպառում է 2,5 մլն կուբամետր բնական գազ, որի 90%-ն Ադրբեջանն է մատակարարում:
Այսօր Վրաստանը կախված չէ «Գազպրոմից»: Ռուսական գազը կազմում է երկրի կողմից գազի ընդհանուր սպառման միայն 10%-ը: Այդ 10%-ը Վրաստանն ավտոմատ կերպով է ստանում որպես տարանացման երկիր, որի տարածքով ռուսակսան գազը Հայաստան է գալիս:
Թե ինչ է կախվածությունը «Գազպրոմից» Վրաստանում դեռևս շատ լավ են հիշում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ ռուսական էներգետիկ հսկայի հետ բանակցությունների մասին ցանկացած տեղեկատվություն այստեղ դրա հանդեպ անվստահություն է առաջացնում և դրան կասկածով են վերաբերվում:
Հենց այդ պատճառով է, որ այն լուրը, թե Վրաստանի իշխանությունները «Գազպրոմին» զիջումների են գնացել, և հումքի փոխարեն տարանցման դիմաց երկիրը փող է ստանալու, իրարանցում և բազմաթիվ հարցեր է առաջացրել:
2016թ-ի վերջին «Գազպրոմի» և Վրաստանի էներգետիկայի նախարարության միջև կնքած պայմանագրի համաձայն՝ 2017թ-ից Վրաստանը Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման դիմաց ստանալու է գումարն, այլ ոչ թե հումքը:
«Գազպրոմի» հետ այդ հարցով բանակցությունները շարունակվում էին երկու տարուց ավել, և վերջնական համաձայնագիրը կողմերը ստորագրեցին միայն 2017թ-ի հունվարին:
Ի՞նչ է հայտնի «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի մասին: Շատ քիչ բան: Հայտնի չէ գլխավորը՝ որքան գումար է ստանալու Վրաստանը տարանցման ծառայությունների դիմաց: Այդ տեղեկատվությունը գաղտնի է:
Այս թեմայով էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի կցկտուր գնահատականները կան միայն. «Դա Եվրոպայում ամենաբարձր վճարներից մեկն է լինելու» և «Ֆինանսական տեսանկյունից մենք կստանանք նույնը, ինչ գազի տարանցման դիմաց հումքով վճարելիու ժամանակ»: Ինչպես նշում է էներգետիկայի նախարարը՝ պայմանագիրը կնքվել է 2 տարով: 2017թ-ին Վրաստանի տարածքով գազի տարանցման դիմաց Ռուսաստանը կվճարի խառը սխեմայով՝ մասամբ գումարով, մասամաբ՝ հումքով, այսինքն՝ գազով: Իսկ 2018թ-ից կողմերն ամբողջությամբ անցում կկատարեն զուտ դրամական հարաբերությունների:
Կալաձեն ասում է, որ, պայմանագրի համաձայն, անհրաժեշտության դեպքում սեզոնային պակասորդի ժամանակ Վրաստանը կարող է հույս ունենալ «Գազպրոմից» արտոնյալ գներով վառելիքի անհրաժեշտ ծավալ ձեռք բերելու: Նախարարի խոսքով՝ «Գազպրոմ-Էքսպորտը» համաձայն է Վրաստանին լրացուցիչ ծավալներ տրամադրել 1000 կուբամետրի դիմաց 185 դոլարով նախկին 215 դոլարի փոխարեն:
Իշխանությունների փաստարկները: Իշխանությունները պնդում են, որ ստիպված էին համաձայնել «Գազպրոմի» պայմաններին՝ հաշվի առնելով իրավիճակի անելանելիությունը, որը մի քանի պատճառ ունի:
Միջազգային պարտավորություններ. Եվրոպայի էներգետիկ խարտիան Վրաստանին պարտավորեցնում է «Գազպրոմից» հումքի փոխարեն փող ստանալ: Գրեթե ոչ մի տեղ տարանցման համար հումքով չեն վճարում: Միջազգային մակարդակում համատարած տարանցման ծառայությունները վճարվում են փողով, և վաղ թե ուշ Վրաստանը պետք է «Գազպրոմի» հետ դրամական հարաբերությունների անցներ, ասում են իշխանության ներկայացուցիչները:
Տարանցիկ երկրի իմիջը. «Գազպրոմի» առաջարկից հրաժարվելու դեպքում Ռուսաստանը գազաապահովման հարցում Հայաստանի համար խնդիրներ կստեղծեր, և դա կարտացոլվեր Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի համբավի վրա:
Իրանը Վրաստանի փոխարեն. Եվս մեկ փաստարկ է այն, որ Ռուսատսանն ընդհանրապես կարող էր հրաժարվել Վրաստանի տարանցման ծառայություններից և սկսեր Հայաստանին իրանական գազ մատակարարել: «Նրանք ուղղակիորեն հայտարարեցին, որ պատրաստ են Հայաստանի համար Իրանից գազ ներմուծել: Այդպիսի վտանգ իրոք գոյություն ունի, և այդ պլանի իրականացումը մեզ համար շատ ցավոտ կլինի», –հայտարարել է էներգետիկայի նախարարը դեռևս նախորդ տարվա հունվարին:
Էներգաանվտանգությանը ոչինչ չի սպառնում. «Այդ պայմանագիրը չի մեծացնում Վրաստանի կախվածությունը ռուսակսան էներգակիրներից: Փոխվում է միայն վճարման ձևը, այդ պատճառով էլ անհանգստանալու բան չկա», –ասում է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Ադրբեջանը մեր բարի դրացին է, սակայն այնուամենայնիվ էներգաապահովումը պետք է դիվերսիֆիկացնել: Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որն այժմ էլ ուժեղ ազդեցություն ունի կառավարության որոշումների վրա, դեռևս 2015թ-ի վերջին լրագրողներին հայտարարեց, որ կողմ է դիվերսիֆիկացիային: «Ողջ Ռուսաստանն է ապահովված ռուսական գազով, և եթե Վրաստանը դրա սպառողը դառնա, ապա ոչ մի քրեական բան դրանում չկա, – հայտարարել է նա: – Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում շուկայի դիվերսիֆիկացման և այն բանի մեջ, որ մեր գործարարները հնարավորություն ստանան գազ գնել՝ ումից ցանկանում են»:
Ի՞նչ դժգոհություններ ունեն «Գազպրոմի» հետ պայմանագրիհակառակորդները: Մշուշոտ պայմանագիր և ոչ թափանցիկ գործընթաց: Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական պետական ընկերության հետ, Վրաստանի բնակչությունն իմացավ ոչ թե իր կառավարությունից, այլ «Գազպրոմի» կայքից: Դրանից հետո իշխանությունները սկսեցին պարբերաբար իրարամերժ տեղեկատվություն տարածել բանակցությունների բովանդակության մասին, ինչը բազմաթիվ հարցեր և կասկածներ առաջացրեց: Այն, որ մինչև հիմա անհայտ է, թե տարանցման դիմաց որքան գումար է ստանալու Վրաստանը, գործընթացն էլ ավելի մշուշոտ է դարձնում:
Պարտվողական և քաղաքական գին. Բնական գազի գները տատանվում են և կախված են նավթի գներից: Եթե նավթի գինն ընկնի, ապա հետևաբար, Վրաստանն ավելի քիչ գումար կստանա և վնասներ կկրի: Ընդդիմությունն իշխանություններին հիշեցնում է, որ նախորդ տարիների իր փորձից և միջազգային փորձից ելնելով՝ պետք է հիշել, որ Ռուսաստանն էներգակիրների գները սահմանում է՝ ելնելով ոչ թե առևտրային տրամաբանությունից, այլ քաղաքական նպատակահարմարությունից:
Եվրոպական էներգետիկ խարտիայի մանիպուլյացիա: Ռուսաստանը, որը պարբերաբար խախտել է էներգետիկ խարտիայի պայմանները, դեռևս 2009թ-ին կասեցրել է իր անդամակցությունն այդ կառույցին: Ի՞նչ է ստացվում: Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի կողմից պարտավորությունները խախտելու հանգամանքն օգտագործելու փոխարեն, ընդհակառակը, Ռուսաստանի դիրքորոշման արդարացման համար պատճառներ են փնտրում:
Շանտաժ Ռուսաստանի կողմից. Փորձագետներն անիրական են համարում ռուսական կողմից հնչեցված վերջնագիրն այն մասին, որ եթե Վրաստանը հրաժարվի տարանցման դիմաց առաջարկված վճարային սխեմայից, ապա Ռուսատսանը Հայաստանին իրանական գազ կմատակարարի՝ շրջանցելով Վրաստանը: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ դա մաքուր շանտաժ է, քանի որ այդպիսի պլանը մոտ ապագայում ոչ մի կերպ իրագործելի չէ: Երկխոսություն առանց միջնորդների Փորձագետների և ընդդիմության համար անընդունելի է այն, որ Վրաստանը բանակցություններ է վարել «Գազպրոմի» հետ առանց միջազգային գործընկերների մասնակցության:
Ադրբեջանի վիրավորվելը: «Գազպրոմի» հետ քաղաքական ռիսկեր պարունակող բանակցությունները սպառնում են փչացնել Ադրբեջանի հետ կայուն հարաբերությունները: «Արդեն տասը տարի է՝ Ադրբեջանն անխափան կերպով Վրաստանին գազ է ապահովում շահեկան պայմաններով: Գրաֆիկով էլեկտրաէներգիան, մութ ու ցուրտ ձմեռներն անցյալում են: Բացի այն, որ Ադրբեջանը Վրաստանի համար վստահելի գործընկեր է, այդ հարևան երկրի հետ համագործակցությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի», -կարծում է խորհրդարանական փոքրամասնության անդամ Էլենե Խոշտարիան:
Թամար Մաիսուրաձե
Աղբյուր՝ armenian-community.ge