Շողան մամը
Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի Ղադո գյուղի գերեզմանոցում նրա հիշատակը հավերժացնող տապանաքար կամ որևէ այլ հուշաքար չկա, այդուհանդերձ, տարեց և միջին սերնդից դժվար է գտնել մեկին, ով չի հիշում Շողան մամին ու նրա հետ կատարվածը:
Շողան մամը տարբերվել է գյուղի մյուս կանանցից թե՛ իր նիստ ու կացով, թե՛ իր ծեսերով ու սովորույթներով, թե՛ իր ունեցած կահ-կարասիով ու կենցաղային իրերով, թե՛ անգամ իր խոսակցականով. նա շատ ջավախքցիների պես կարնեցի չէր, այլ ծնվել ու հասակ էր առել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Իրից գյուղում: 1915 թ. մեծ արհավիրքի տարիներին եղեռնազարկ շատ գերդաստանների պես Շողան մամի մեծ գերդաստանը ևս զերծ չի մնացել թուրք ջարդարարների տեսադաշտից: Շողան մամը մանրամասնորեն հիշել և ողջ կյանքում բոլորին պատմել է, թե ինչպես է մայրը թուրքերի ներխուժման ժամանակ իր՝ այդ ժամանակ դեռ 14 տարեկան Շողանի երեսին մուր քսել, մտցրել թոնիրը, խուփը քաշել և վրան լցրել կարպետներ, բարձեր ու այլ իրեր: Տուն մտած թուրքերը բարեբախտաբար չեն նկատում ո՛չ Շողանին, ո՛չ էլ գոմի մսուրի տակ թաքնված հորը՝ Հովհաննեսին: Վերջիններս դաժանաբար ծեծում են մորը, կորզում թանկարժեք իրերը և հեռանում: Ցավոք, Շողանին թոնիր մտցնելիս մայրը չի հասցրել տակը դնել քար, որից էլ դեռևս տաք մոխրի մեջ գրեթե ամբողջովին այրվում է Շողանի ոտքը, և նրան հաշմանդամ դառնալուց չեն փրկում ո՛չ սառը ջուրը, ո՛չ մնացած դեղ ու դարմանը: Շողան մամի հիշողություններում վառ կերպով մնացել են այդ սարսափելի օրերի բոլոր դրվագները, և Ղադոյում բոլորը գիտեին, որ Շողան մամին փրկել է զորավար Անդրանիկն իր զինվորներով: Այդպիսով՝ թուրքական յաթաղանից փրկվելու համար նրանց ընտանիքը ևս ընդմիշտ լքում է հարազատ շենը և հեռանում դեպի Ալեքսանդրապոլ: Այնտեղից ընտանիքի մի մասը նյութական ծանր պայմաններից ելնելով տեղափոխվում է Բաթում և ի վերջո հանգրվանում Արևմտյան Վրաստանի Սամտրեդիայի շրջանում (Կոլխիդայի դաշտավայր):
Երիտասարդ Շողանը ընտանիքի նյութականն ապահովելու համար զբաղվել է առևտրով և հաճախ է այցելել Ախալքալաքի գյուղեր: Այցելություններ, որոնք շուտով փոխելու էին նրա կյանքի ընթացքը. ճակատագիրը Լոմատուրցխ գյուղում նրան հանդիպեցնում է հարևան գյուղացի՝ ղադոցի Վաղարշակ Սարգսյանի հետ, և 1928 թ. նրանք ամուսնանում են: Վաղարշակի առաջին կինը՝ Շողերը, մահացել էր վաղ տարիքում, նրանց որդին էր ողջ Ախալքալաքում հայտնի տրակտորիստ Մամբրեն, կամ, ինչպես գյուղում և շրջանում էր նա հայտնի՝ տրակտորիստ Մանան կամ Կոմսոմոլ Մանան: Վաղարշակի հետ ամուսնանալով և Ղադոյում հաստատվելով՝ Շողանը լույս աշխարհ է բերում երկու որդի և մեկ դուստր: Այդուհանդերձ, նա հավասարապես սիրում էր և իր խորթ որդուն՝ Մամբրեին (ումից ընդամենը 7 տարով էր մեծ) և նրա տասը զավակներին (զավակներից տարիքային առումով նախավերջինը՝ Դավիթ Սարգսյանը, տողերիս հեղինակի հայրն է), թոռներ, ովքեր այսօր առանց հուզմունքի չեն կարող չհիշել իրենց պաշտելի Շողան մամին, և, չնայած գերեզմանաքարի բացակայությանը, Մամբրեի ղադոյաբնակ որդիները՝ Վոլոդյան, Շավարշը, Դավիթն ու Վաղարշակը, երբեք չեն կարող մոռանալ նրա գերեզմանի տեղը, որտեղ նրանց պարուրում են ջերմ հիշողությունները: Հիրավի, Շողան մամի ստեղծած բարիքները շատերին են բաժին հասել այն դժվարին ու ծանր տարիներին:
Շողան մամը եղել է իր ժամանակի ամենազարգացած կանանցից մեկը: Նրա հարազատները պատմում են, որ Արևմտյան Հայաստանից փախչելիս իր հետ վերցրել է մի մեծ կապոց, մեջը բազմաթիվ արժեքավոր գրքեր, որոնք իր հետ հասցրել է Ղադո: Գյուղում շատ քչերն են տեսել այդ գրքերը, քանի որ դրանք Շողան մամը, որպես թանկագին մասունք, փաթաթել է կրկին Ալաշկերտից իր հետ բերած մի շքեղ ու նախշազարդ ծածկոցի մեջ ու պահել հատուկ սնդուկում: Ղադոյում պատմում են, որ հիվանդանալիս կամ վատ հոգեվիճակներում հայտնվելիս շատերն իրենց երեխաներին տարել են Շողան մամի մոտ, ով տեղում բացել է իր սնդուկը, հանել գրքերից մեկը և, դնելով հիվանդի գլխին, ինչ-որ բան մրմնջացել: Թե ուր են ասյօր այդ գրքերը կամ ում մոտ են գտնվում, ոչ-ոք չգիտի:
Ջավախքում սուրճը լայն տարածում գտավ բոլորովին վերջերս, և հատկապես խորհրդային տարիներին այն բացակայում էր մարդկանց ըմպելիքների ցանկից: Լինելով արիստոկրատ և բարեկեցիկ ընտանիքի դուստր՝ Շողան մամն իր ողջ կյանքի ընթացքում չի հաշտվել սուրճի բացակայության հետ, և ղադոցիները բերնեբերան փոխանցել են նրա մեծ ցանկությունը. «Է՜, բալա ջան, մե ղըյֆըմ (սուրճ, կոֆե – Վ.Ս.) լիներ, խմեինք…»:
Գեղեցիկ արտաքինով հայտնի Շողանը սեփական վիշտն ու հայրնիքի՝ իր պաշտելի Էրգրի, իր ծննդավայր Ալաշկերտի կարոտը հաճախ արտահայտել է երգերի միջոցով: Թոռները պատմում են, որ նա իր զիլ ու հնչեղ ձայնով, Ալաշկերտի հարազատ բարբառով կատարել է այնպիսի երգեր, որոնք, բացի գեղագիտական բարձրարժեք գործեր լինելուց, եղել են նաև բանահյուսական եզակի գանձեր: Այդ է եղել պատճառը, որ նրա կատարումների գրառման և ձայնագրման նպատակով 1972 թ. Խորհրդային Հայաստանից Ղադո են այցելել համապատասխան մասնագետներ:
Ինչպես տեսանք, Շողան մամը հարազատներ է ունեցել նաև Ալեքսանդրապոլ-Լենինականում, որոնց հետ պահպանել է ջերմ կապեր: Նրա թոռնուհի Ռաիսա Սարգսյանը պատմում է, որ մինչև իր կյանքի մայրամուտը Շողան մամը հաճախակի է այցելել Լենինական, հուզմունքով և մեծ ոգևորությամբ է խոսել իր հարազատների մասին, հատկապես մեծ հպարտություն է ապրել, երբ խոսել է իր քեռորդու՝ առակախոս և զվարճաբան Պոլոզ Մուկուչի մասին: Շողան մամի որդիներից Ռուբեն Սարգսյանը, ով ներկայումս ապրում է Երևանում, պատմում է, որ իրենք վաղ տարիքում մոր միջոցով կապ են ունեցել Պոլոզ Մուկուչի հարազատների հետ, ովքեր ապրել են Երևանի “Բարեկամության” հրապարակին հարակից շենքերում: Տարիների ընթացքում, ցավոք, այդ կապը կտրվել է:
Ղադո գյուղը` Զավախքում
Շողան մամի՝ Սամտրեդիայում ապրած հարազատների հետ ևս պահպանվել են բարեկամական կապերը: Նրա թոռները նշում են, որ իրենց տատի՝ Շողան մամի եղբոր թոռը (ազգությամբ մեգրելի հետ ամուսնացած աղջկա՝ Էթերիի որդին) եղել է Իլյա Դոնդուան, ով եղել է հայտնի մարզիկ: Շողան մամի մյուս եղբոր՝ Լևոնի աղջիկներից մեկը՝ Քսենյա Օսիպովան, այժմ ապրում է Քութայիսում, Քսենյայի քույրը՝ Նանա Աբուշիդին (ազգությամբ հույն ամուսնու ազգանունն է), ապրում է Թիֆլիսում, մյուս քույրը՝ Ամալյան, ապրել է Լենինականում (ամուսինը՝ Սուրեն Գյոդակյան, որդիները՝ Գագիկ, Գառնիկ, Գևորգ): Թիֆլիսաբնակ Նանա Ստեփանյան-Աբուշիդին պատմում է, որ Շողան մամն ունեցել է չորս եղբայր՝ Լևոն, Վահան (Վանո), Ստեփան (ապրել են Սամտրեդիայի երկաթգծի կայարանի մերձակայքում) և Մկրտիչ (ապրել է Լենինականում, ունեցել է երկու զավակ՝ Սերգո և Քիշմիշ անուններով) Ստեփանյանները և մեկ քույր՝ Աղավնի Ստեփանյանը (ապրել է Սամտրեդիայում):
Վրաստանում ապրող հարազատներից ոմանց հետ կապեր են պահպանում Շողան մամի թոռները (Բակուրիան ամուսանացած Էրմոնիայի (Հերմինե) աղջիկները)՝ Քեթինո և Ռուսուդան Մուրադյանները, ովքեր, այդուհանդերձ, Շողան մամի՝ Սամտրեդիայում և այլուր ապրող մեծաթիվ հարազատներից ոչ բոլորի մասին ունեն հավաստի տեղեկություններ:
Շողան Ստեփանյանը կյանքին հրաժեշտ է տվել 1974թ.՝ 73 տարեկան հասակում: Ցավոք, նրա արյունակից ժառանգներից այսօր ոչ ոք չի ապրում գյուղում. երկու որդիներից Կարապետը մահացել է և թաղված է Սոչիում (ՌԴ), ուր տեղափոխվել էր ծերության տարիներին: ՌԴ-ում են ապրում նաև Կարապետի զավակներն ու թոռները: Մյուս որդին՝ Ռուբենը, ինչպես նշեցինք, դեռ ուսանողական տարիներից տեղափոխվել և ապրում է Երևանում: Դուստրը՝ Էրմոնիան, ինչպես նշեցինք, ամուսնացել է և տեղափոխվել Բորժոմի շրջանի Բակուրիան ավան, որտեղ և ամփոփված է նրա գերեզմանը:
Այս ամենով հանդերձ՝ այսօր Ղադոյում և հարակից գյուղերում մեծ թիվ են կազմում Շողան մամի խորթ որդու՝ Մամբրե Սարգսյանի ժառանգները, որոնց նա սիրել ու փայփայել է հարազատից առավել, և, որոնց սրտերում էլ այսօր, որպես բարության, իմաստության, հառնումի ու նվիրումի խորհրդանիշ, ապրում է Մեծ եղեռնից փրկված Շողան մամի հերոսական կերպարը:
Վահե Սարգսյան
01 մարտի, 2017 թ. Hetq.am