Ախալցխացի Մարիամ Հարությունյանը դարձել է Հայաստանի լավագույն ուսանող

Երեկ ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները:

Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ամենամյա այս մրցույթը ևս մեկ միջոց է, որով պետությունը խրախուսում և հայտնաբերում է լավագույն ուսանողներին, ինչպես նաև աջակցում ՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում:

«Լավագույն ուսանող» մրցույթը հաղթելու համար ուսանողները հաղթահարել են 2 մրցակցային փուլ: Առաջին փուլը ներբուհականն է, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկակական հաղթողների փաստաթղթերը:

Երկրորդ փուլում մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից: Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտություն, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Լավագույնի կոչմանն արժանանալու համար տարբեր բուհերում սովորող երիտասարդները պետք է ցուցաբերեն ոչ միայն գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն, այլև ակտիվ լինեն նաև գիտական ոլորտում:

Մրցույթին այս տարի մասնակցել են 18 բուհերի ուսանողներ: Մրցույթում հաղթողներից մեկն է ծնունդով Ախալցխացի, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-֊րդ կուրսի ուսանողուհի Հարությունյան Մարիամը, ով պարգևատրվեց հավաստագրով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած միանգամյա անվանական կրթաթոշակով։

Akhaltskha.net